Ամրակիցի Սբ Նիկողայոս եկեղեցու վերականգնման աշխատանքների ամփոփում

Մայիսի 8-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն՝ նվիրված Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու վերականգնման աշխատանքների ամփոփմանը:
Միջոցառումը մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի բացման խոսքով: Նա ներկայացրեց օրվա թեման՝ վերջերս հանրության կողմից բուռն քննարկումների առիթ դարձած Ամրակիցի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վերականգնումը, հատկապես՝ գունային լուծումների մասով։
Օրվա բանախոս, վերականգնող ճարտարապետ Անդրանիկ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացված շուրջ 4 տարվա մանրակրկիտ ուսումնասիրությունների և շինարարական աշխատանքների ընթացքը։ Զեկույցի առանցքում այն ճարտարապետական լուծումներն էին, որոնց շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել հուշարձանի կառուցվածքային կայունությունն ու գունային ամբողջականությունը։
Անդրադառնալով հանրային քննարկումների առիթ դարձած գունային լուծումներին՝ բանախոսը պարզաբանեց, որ դրանք հիմնված են բացառապես գիտական փաստերի վրա։
Պատերի կապույտ և տանիքի կանաչ երանգները հաստատվել են թե՛ պահպանված արխիվային լուսանկարներով, թե՛ հուշարձանի շերտերի վրա հայտնաբերված ներկերի նախնական հետքերով։ Նախնական գույների վերականգնումը մասնագիտական սկզբունքայնության հարց է՝ ուղղված պատմական փաստի աղավաղման բացառմանը։
Ինչ վերաբերվում է հուշարձանի շրջակայքին, ապա եկեղեցու հարակից տարածքում իրականացված ծառահատումները եղել են մասնագիտական անհրաժեշտություն։ Ծառարմատները թափանցել էին եկեղեցու հիմքերի տակ՝ առաջացնելով մշտական խոնավություն և կառույցի քայքայում։ Հուշարձանի պահպանության և այցելուների անվտանգության նպատակով դրանք հեռացվել են։
Այսօր տարածքն արդեն ունի նոր խոտածածկույթ, տնկվել են նոր ծառեր՝ հուշարձանից թույլատրելի հեռավորության վրա, որոնք չեն խանգարում եկեղեցու տեսողական ընկալմանը և չեն վնասում հիմքերը։
Միջոցառմանը ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը, հնագետներ և ճարտարապետներ, ինչպես նաև հուշարձանով հետաքրքրվող քաղաքացիներ, ուսանողներ։
Բանախոսությունն ուղեկցվեց աշխույժ քննարկմամբ, որի ընթացքում ներկաներին հատկապես հետաքրքրում էին ներքին հարդարանքի, սրբապատկերների վերականգնման ընթացքի և հիմքերի ամրակայման մանրամասները:
Մասնագետներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին իրականացված աշխատանքը՝ փաստելով, որ Ամրակիցի ինքնատիպ հուշարձանն այսօր փրկված է, և վերադարձված է նրա պատմական տեսքը։