Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Նոյեմբերի 8-ին Անիպեմզա բնակավայրում ամփոփվեցին «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման առաջին փուլով նախատեսված աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս այս տարեսկզբին։
Հիշեցնենք, որ ընթացիկ փուլով նախատեսված էր համապատասխան ներարկումների միջոցով ամրակայել տաճարի հիմքերը, աստիճանահարթակները և պատերը՝ մինչև 2մ բարձրությամբ, ինչպես նաև կազմակերպել ջրահեռացումը։ Միևնույն ժամանակ ծրագրված էր հեռացնել նաև նախորդ վերականգնումների ժամանակ թողնված մնացուկները։ Սահմանված աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով։
Աշխատանքների ամփոփման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիպեմզա համայնքի ղեկավար Վարազդատ Պողոսյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը, ամրակայման աշխատանքներն իրականացրած «ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, գիտահետազոտական մեր կենտրոնի, համայնքի ավագանու ներկայացուցիչներ, Հուշարձանների պահպանության ծառայության մարզային աշխատակիցները և Անիպեմզայի բնակիչներ։
Տաճարի ամրակայման աշխատանքներն ամփոփ ներկայացրեց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը՝ իր խոսքում շեշտելով «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքի, ճարտարապետների, աշխատանքներն իրականացրած և դրանցում ներգրավված անձանց կարևոր դերը ծրագրի հաջող իրականացման գործում։ Խաչիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ սկիզբ առած ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի։
Ամիսներ տևած աշխատանքի ընթացքում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի և բարձր պատասխանատվության համար Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից միջոցառման ժամանակ շնորհակալագրերի արժանացան «ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը, ընկերության աշխատակիցներն ու վարպետները։ Շնորհակալագիր տրվեց նաև Անիպեմզա համայնքի ղեկավար Վարազդատ Պողոսյանին՝ աշխատանքի ողջ ընթացքում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար։
Միջոցառումն ամփոփվեց տաճարի ներսում՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանի և քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի գեղեցիկ կատարումներով։