Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներառված հայաստանյան հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության լրամշակման նոր մեթոդաբանությանը նվիրված աշխատաժողովի շրջանակներում ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը հյուրընկալել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի փորձագիտական խմբի ներկայացուցիչներ Ռուսուդան Միրզիկաշվիլիին (ICOMOS) և Աարին Շապիրոյին (IUCN)։
Աշխատաժողովի շրջանակներում սեպտեմբերի 24-ին գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ փորձագետներն այցելեցին Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաք, ծանոթացան պեղումների արդյունքներին, այնուհետև եղան Նորավանքում՝ դիտարկելու հուշարձանը և նրան առչնվող հարցերը։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին աշխատաժողովը շարունակվեց գիտահետազոտական կենտրոնում, հայաստանյան փորձագիտական խմբին ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացիկ կարգավորումները Համաշխարհային ժառանգության ոլորտում, ընդգծվեցին և վերհանվեցին թիրախային այն հարցերը, որոնք օգտակար կլինեն առաջիկայում նոր հայտեր պատրաստելիս։
Միևնույն ժամանակ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց հայաստանյան վերջին տարիների փորձը, իրականացված և իրականացվելիք աշխատանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ Համաշխարհային ժառանգության Կոնվենցիայի ազգային ներկայացուցիչ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը խոսեց պետական քաղաքականության, օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության ցանկը նոր հուշարձաններով համալրելու գործընթացի մասին։
Աշխատաժողովին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ, ազգային փորձագետներ, գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներ։








