Բելգորոդ-Դնեստրովսկիի (Աքքերմանի) hայկական հուշարձանները

Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը գտնվում է Ուկրաինայի Հանրապետության Օդեսայի մարզում։ Քաղաքի հնագույն անվանումը Տիրաս է, իսկ մինչև 1944 թ. այն կոչվել է Աքքերման։ Դնեստր գետի ափին գտնվող այս բերդաքաղաքը ժամանակին ունեցել է մեծ և ազդեցիկ հայ համայնք։
1. Քաղաքում գործել են երեք հայկական եկեղեցիներ, որոնցից պահպանվել է միայն մեկը՝ Սուրբ Օգսենտ եկեղեցին։ Այն գտնվում է Կուզնեցովի փողոցի N 1 հասցեում և ներկայումս վերածված է Կրոնի պատմության թանգարանի։
Սուրբ Օգսենտը ուղղանկյուն հատակագծով, միանավ դահլիճային հորինվածքով քարաշեն կառույց է։ Կենտրոնական արևելյան խորանի աջ և ձախ կողմերում կառուցված են փոքրիկ ավանդատներ։ Շինությունը մասամբ թաղված է հողի մեջ։ Եկեղեցու ներքին պատերի մեջ ագուցված են արձանագրություններով և գեղաքանդակ խաչքարեր։
Եկեղեցու աջ ավանդատան արևելյան պատին հենված շինարարական արձանագրության համաձայն՝ Սուրբ Օգսենտ եկեղեցին կառուցվել է 1699 թ.՝ Աքքերմանի հայ վաճառականների և այլ հավատացյալների միջոցներով։ Սակայն կա նաև տեսակետ, ըստ որի՝ այդ արձանագրությունը վերաբերում է ոչ թե եկեղեցու կառուցմանը, այլ վերանորոգման աշխատանքներին (Դիվան, էջ 260–261)։
2. Բելգորոդ-Դնեստրովսկիի հայկական գերեզմանոցը գտնվել է քաղաքի Շաբսկայա փողոցի ծայրամասում՝ մսի կոմբինատի հարևանությամբ։ 1970-ական թվականների վերջին այն ոչնչացվել է՝ ձեռնարկության նոր մասնաշենքերի կառուցման հետևանքով։
Վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանի այցելության ժամանակ՝ 1971 թ., գերեզմանոցը դեռևս գտնվել է բավարար վիճակում։ Առանձնապես աչքի են ընկել Աստվածատուրյանների տոհմի շիրիմ-կոթողները։ Գրիգորյանը «Դիվան հայ վիմագրության» հատորում զետեղել է գերեզմանատան արձանագրություններից 20-ը՝ միաժամանակ նշելով, որ այն ժամանակ արդեն գոյություն չունեցող հայկական գերեզմանոցում եղել են բազմաթիվ այլ արձանագրություններ (Դիվան, էջ 270)։

Օգտագործված գրականության ցանկ
1. Բժշկեանց հայր Մինաս, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ-Ս. Ղազար, 1830:
2. Դիվան հայ վիմագրության, պրակ VII. Ուկրաինա, Մոլդովա, կազմեց՝ Գրիգոր Գրիգորյան, Երևան, ԳԱԱ, 1996:
3. Давид Давтян, Андрей Красножон, Армянские надписи из средневекового Белгорода на Днестре, 4. ԵՊՀ, «Հայագիտության հարցեր», 2015, հմր. 2, էջ 77-84:

OLYMPUS DIGITAL CAMERA