Գիտագործնական դասընթաց «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով

Ս.թ. հոկտեմբերի 21-27-ը տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթացը, որի հիմնական նպատակներն էին զարգացնել ժառանգության ոլորտի հայ մասնագետների գործնական հմտությունները ռիսկերի կառավարման ոլորտում, իրականացնել կոնկրետ իրավիճակներին վերաբերող թիրախային դասընթացներ, այն է՝ երկրաշարժեր, զինված հակամարտություններ, հատուկ նյութեր, իրականացնել գործնական աշխատանքներ իրավիճակային կոնկրետ վարժանքների միջոցով, օժանդակել թանգարաններին անհատական փորձառության միջոցով։
Մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ կանխարգելման և պլանավորման հետ կապված հիմնախնդիրներ, երկրաշարժից հետո միջամտության սկզբունքների առաջնահերթության սահմանում, լոգիստիկ գործընթացների կազմակերպում հրատապ իրավիճակում՝ տեսակավորման գոտիներ, փաստաթղթավորում, անվտանգային գոտիների սահմանում, վնասների արագ գնահատում (քարտեզագրում, լուսանկարներ, նկարագրություն), շենքերի ամրակայում, հաղորդակցություն և միջգերատեսչական համակարգում (մշակույթ, քաղաքացիական անվտանգություն, հանրային պաշտպանություն), հսկայական, ծանրակշիռ, շրջանակով ստեղծագործություններ, պահպանման պլանի ներկայացում «բարդ» հավաքածուների տիպաբանության համատեքստում:
Տեսական դասերին զուգահեռ անց էին կացվում նաև գործնական աշխատանքներ:
Բանախոսներ՝ Թալիա Բաժոն-Բուզիդ, Բերտրան Լը Դանտեկ, Նատալի Լը Դանտեկ, Ֆրանսուազ Պլուա (Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտ)։
Դասընթացն իրականացավ Հայաստանի ազգային գրադարանում, Ժողովրդական արվեստների և Հայաստանի պատմության թանգարաններում:ծ