Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ս.թ. նոյեմբերի 18–21-ը տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Հյուսվածքների պահպանում և ներկայացում» խորագրով գիտագործնական դասընթացը՝ նախատեսված Հայաստանի գիտամշակութային տարբեր հաստատությունների գործվածքի հավաքածուների վերականգնող-մասնագետների և ֆոնդապահների համար։
Դասընթացը վարում էին գործվածքից առարկաների վերականգնող-կոնսերվատորներ, առարկաների կանխարգելիչ պահպանման մասնագետներ Պատրիսիա Դալ-Պրան և Թալիա Բուզիդը (Ֆրանսիա):
Քառօրյա գիտագործնական ակտիվ դասընթացի ընթացքում շուրջ 15 վերականգնող-մասնագետներ և ֆոնդապահներ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից և այլ կենտրոններից, ծանոթացան գործվածքների տեսակներին, դրանց պահպանման ժամանակակից միջոցներին, տեղափոխման համար անհրաժեշտ փաթեթավորման մեթոդներին և Ֆրանսիայի թանգարաններում կիրառվող օժանդակ նյութերին։
Դասընթացն ամփոփվեց դասընթացավարների և մասնակիցների՝ փոխադարձ ջերմ և շնորհակալական խոսքերով, ինչպես նաև երախտագիտության խոսքեր հնչեցին՝ ուղղված կազմակերպիչներին՝ նման հնարավորության և հյուրընկալման համար։




