Թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստում՝ հուլիսի 15-18-ը

2025 թ. հուլիսի 15-18-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, համագործակցելով Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի (INP) հետ, իրականացրեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով։
Դասընթացը կայացավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Դրա հիմնական նպատակն էր թանգարանային ոլորտի մասնագետներին ներկայացնել հավաքածուների պահպանության արդի գործիքակազմը և մասնագիտական գործելակերպը՝ հիմնված ֆրանսիական առաջատար փորձի վրա։
Դասընթացը վարեց Ֆլորանս Բերտենը (Ֆրանսիա), ով երկարամյա փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման և թանգարանային հավաքածուների կառավարման ոլորտում։
Մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի առաջատար թանգարաններն ու մշակութային հաստատությունները, այդ թվում՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի ազգային գրադարան, Գրատպության թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ և այլ կազմակերպություններ։
Այս ձևաչափի ծրագրերն էական նշանակություն ունեն թանգարանային ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացման գործում։ Ֆրանսիական փորձի ինտեգրումը ստեղծում է նոր հնարավորություններ՝ հավաքածուների պահպանման և ներկայացման որակի բարելավման համար։