Խարկով (Ուկրաինա) քաղաքի հայկական հուշարձանները

Խարկով քաղաքի հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում XVIII դարի վերջից։ Քաղաքի կենտրոնում գոյություն է ունեցել Հայկական նրբանցք, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1865 թվականին։ Դեռևս 1870-ական թվականներին հայ համայնքի հոգևոր և ծիսական կյանքը կազմակերպելու նպատակով քաղաք է ժամանել հայ քահանա։ Սակայն երկար ժամանակ համայնքը սեփական եկեղեցի չի ունեցել, և ծիսական արարողությունները կատարվել են տարբեր շինություններում, որոնք ժամանակավորապես ծառայել են որպես եկեղեցի։
Այսպես, 1905 թվականից հայ համայնքի համար որպես եկեղեցի ծառայել է Չերնիշևսկայա փողոցի (ул. Чернышевская) թիվ 5 տունը։ Այն կոչվել է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Համայնքի հոգևոր հովիվն էր Տեր Սրապիոնը։ Գործել է նաև Հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկված են եղել քաղաքի նշանավոր հայերը։ 1914 թվականին եկեղեցուն կից բացվել է հայկական դպրոց։ Հայկական եկեղեցու վերածված այս շինությունը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Խարկովի հայ համայնքի հոգևոր կյանքում նոր էջ է բացվել անկախ Ուկրաինայի շրջանում։ 2004 թվականից քաղաքում գործում է նորակառույց Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (ուկրաիներեն՝ Вірме́нська це́рква Сурб Арутю́на у Ха́ркові), որը գտնվում է Շևչենկոյի պողոտա 144 հասցեում և պատկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմին։
Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը ծագել է 2000 թվականին։ Հուլիսի 1-ին, պետական իշխանություններից եկեղեցու կառուցման թույլտվություն ստանալուց հետո, Խարկովի «Հայ ազգային համայնք» կազմակերպության անդամները ձեռնամուխ են եղել շինարարությանը։ Նույն օրը տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։ 2003 թվականին տեղադրվել և օծվել են եկեղեցու խաչերը, իսկ 2004 թվականի օգոստոսի 24-ին Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է մեծ հանդիսությամբ։
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Պավել Չեչելնիցկու նախագծով՝ հիմնականում համայնքի անդամների հանգանակությունների շնորհիվ։ Իր ճարտարապետական հորինվածքով այն հետևում է հայկական եկեղեցաշինության ավանդական ձևերին։
Խարկովում գործում են նաև հայկական կրթական և մշակութային կառույցներ։ 2008 թվականից քաղաքում գործունեություն է ծավալում Հենրի Ալթունյանի անվան հայկական կրթական և մշակութային կենտրոնը։ 2012 թվականից գործում է նաև «Հայկական ազգային քաղաքային համայնք» հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակութային կենտրոնը։
Խարկովի հետ է կապված նաև հայազգի մեծանուն արձակագիր և մտավորական Ակսել Բակունցի կյանքի մի կարևոր շրջանը։ 1920–1923 թվականներին նա ուսանել է Խարկովի Վ. Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանում։ 2019 թվականի մայիսի 25-ին համալսարանի տարածքում բացվել է Ակսել Բակունցին նվիրված հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի ուսանողական տարիների և Խարկովի հետ ունեցած կապի։