Համաժողով՝ «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծ» խորագրով

Հունիսի 12-ին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում կայացավ «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծ» խորագրով համաժողովը՝ նվիրված Տաթևի Մեծ անապատի պեղումներին և վերականգնմանը, ինչպես նաև Որոտանի կիրճի մշակութային ժառանգության պահպանմանն ու կայուն զարգացմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ ջանքերով` Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ գործակցությամբ։
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը՝ ողջունելով ներկաներին և ընդգծելով նմանօրինակ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը հայկական հուշարձանների պահպանման գործում։
Բացման արարողությունից հետո մասնագիտական զեկույցներով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Ֆատմա Քեբեն (Պատմամշակութային ժառանգության և մշակութային ծրագրերի պատասխանատու, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Լուսինե Թումանյանը (Արցախի և սփյուռքի հայկական հուշարձանների մշտադիտարկման խմբի ղեկավար, Մատենադարանի ավագ գիտաշխատող), Անահիտ Եսայանը (վերականգնող, Հնագիտական գտածոների վերականգնման բաժին), Նանար Քալանթարյանը (ճարտարապետ, գիտաշխատող) և Հուսեմ Դլալան (Պատմական հուշարձանների ճարտարապետ, ինժեներ, Atelier-Ergon հետազոտական գրասենյակ), Գիյոմ դը Բորըպերը (Պատմական հուշարձանների ճարտարապետ), Սուրեն Թադևոսյանը («Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրոսական ծրագրի ուսանող, ՃՇՀԱՀ), Արև Սամուելյանը (Ճարտարապետ, դասախոս, ՃՇՀԱՀ, «Ռե-դպրոցի» համահիմնադիր):
Համաժողովին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ճարտարապետներ, վերականգնողներ, ոլորտի այլ մասնագետներ, Ֆրանսիական ինստիտուտի ուսանողներ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրված հյուրեր։
Համաժողովն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում։ Մասնակիցներն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեցին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ինչպես նաև Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և կարևոր հարթակ տրամադրելու համար։