Մասնագիտական պրակտիկա կենտրոնում

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հուշարձանների վերականգնման ուղղությամբ մասնագիտացող մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների պրակտիկան:
Համալսարանի և գիտահետազոտական կենտրոնի միջև կնքված հուշագրի համաձայն՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է ապագա ճարտարապետների գիտագործնական պրակտիկան, որը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներից։ Մասնավորապես, ուսանողները հնարավորություն են ստանում ներգրավվելու գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հուշարձանների վերականգնման նախագծերի կազմման աշխատանքներին, ինչպես նաև հնագիտական պեղումներին։ Այս պահին Քոբայրավանքի պեղումներին զուգահեռ՝ ուսանողները նաև իրականացնում են պեղումների համար կարևոր չափագրումներ և այլ անհրաժեշտ աշխատանքներ։ Ուսանողների հաջորդ խումբն առաջիկայում հնարավորություն կստանա աշխատելու Տաթևի Մեծ անապատում ընթացող աշխատանքներին։ Ուսանողներից ոմանք առաջիկայում կհամալրեն նաև գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կազմը:
Հուշարձանների վերականգնման ոլորտի երիտասարդացման, նոր կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ուղղությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համատեղ այս ջանքերն ունեն կենսական և ռազմավարական նշանակություն՝ հայաստանյան վերականգնման դպրոցի կայացման գործում։
Հիշեցնենք, որ նման համագործակցություն է հաստատվել նաև հայաստանյան այլ ուսումնական հաստատությունների հետ՝ հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում համապատասխան մասնագիտացմամբ ուսանողների պրակտիկան գիտահետազոտական կենտրոնի փորձառու մասնագետների հետ կազմակերպելու նպատակով: