Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2025 թ․ հուլիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) ուսումնասիրություններ կատարեց ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղում: Տեղում կազմվեց դամբարանադաշտի և միջնադարյան խաչքարերով գերեզմանոցի պահպանության գոտու նախագիծը։
Լորուտ գյուղի Վերին թաղ կոչված վայրում, ուր փոքր բարձունքի վրա բրոնզեդարյան դամբարանադաշտն է, մշակութային շերտը պատած է միջնադարյան գերեզմանոցով։ 1979 թ․ այստեղ հնագիտական պեղումներ է կատարել հնագետ Վարշամ Ավետյանը (ՊԲՀ, 1981/4, ԼՀԳ, 1984/5)։ Պեղվել են քարարկղային տիպի մի քանի դամբարաններ, որոնցից մեկում գտնվել է 76 սմ երկարությամբ բրոնզե գոտի։ Նրա եզրերը զարդարված են երկշարք ոլորապտույտ նախշերով, իսկ մակերեսին փորագրված է բարդ կոմպոզիցիոն պատկեր, մի ինքնատիպ տեսարան՝ ձիերի, գիշատիչ կենդանիների, ձկների և թռչունների դինամիկ պատկերներով։ Բոլոր պատկերները արված են չափազանց նրբորեն ու վարպետությամբ։
Լուսանկարում գերեզմանոցի խաչքարերն են։


