Չեռնովցի քաղաքի հայկական հուշարձանները

Չեռնովցի քաղաքը համանուն մարզի վարչական կենտրոնն է. գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում, Պրուտ գետի ափին։
Հայերը Չեռնովցիում հաստատվել են XV դարի երկրորդ կեսին։ XIX դարի վերջին և XX դարի առաջին տասնամյակներին քաղաքի հայ բնակչության թիվը զգալիորեն աճել է։ 1909 թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ Չեռնովցիում բնակվել է 950 հայ։ Նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, արհեստագործությամբ, գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ և վաճառքով։
Հայկական պատմամշակութային հուշարձաններն են՝
1. Մխիթարյան հայրերից Մինաս Բժշկյանցի վկայությամբ՝ մինչև 1740 թ. տեղի ունեցած հրդեհը քաղաքում գործել են երկու հայկական եկեղեցիներ։ Հրդեհից հետո հայերը կրոնական արարողությունների համար օգտագործել են լեհական եկեղեցու աջակողմյան խորանը, որը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Բժշկեանց, էջ 317)։
2. 1879 թ. Չեռնովցիում հիմնադրվել է հայկական դպրոց՝ հիմնականում որբ երեխաների համար։ Դպրոցում սովորելու էին գալիս աշակերտներ Գալիցիայի և Բեսարաբիայի շրջաններից, ինչպես նաև Բուկովինայի տարբեր բնակավայրերից (Դիվան, էջ 227)։
3. Չեռնովցիում պահպանված հայկական եկեղեցին Սուրբ Պողոս-Պետրոս կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Այն կառուցվել է որպես հայ կաթոլիկ եկեղեցի՝ 1870–1875 թթ. ընթացքում, նախկին Վիրմենսկա (Հայկական), այժմ՝ Պուշկինի փողոցում։ Եկեղեցին կառուցվել է լեհ ճարտարապետ Իոսիֆ Գլավկայի նախագծով։
Եկեղեցին կառուցված է կարմրավուն թրծած աղյուսից և իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր, եռանավ, եռախորան բազիլիկ է։ Եկեղեցում պահպանվել են որմնանկարներ։
Եկեղեցին գործել է մինչև 1940-ական թվականները, որից հետո վերածվել է պահեստի։ 1980-ական թվականների վերջին այն վերափոխվել է երգեհոնային երաժշտության դահլիճի։ Երգեհոնը տեղադրված է ավագ խորանի վրա, իսկ ձախակողմյան խորանը ներկայումս պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմին։
1970-ական թվականներին Չեռնովցիի հայկական եկեղեցի է այցելել վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանը։ Նա «Դիվան հայ վիմագրության» VII հատորում հրատարակել է եկեղեցու վիմագրերը։

Օգտագործված գրականության ցանկ
1. Բժշկեանց հայր Մինաս, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ-Ս. Ղազար, 1830:
2. Դիվան հայ վիմագրության, պրակ VII. Ուկրաինա, Մոլդովա, կազմեց՝ Գրիգոր Գրիգորյան, Երևան, ԳԱԱ, 1996:
3. Վարդանյան Սահակ, Արևմտյան Ուկրաինայի հայկական հուշարձանները, ՀՃՈՒ, «Վարձք», թիվ 9, 2013, էջ 58-59:
Լուսանկարները՝
http://ru.hayazg.info/Армянская_Церковь_(Черновцы._Украина)