Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2021 թ. աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են աղյուսաշեն կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։
2021 թ. դեկտեմբեր ամսին ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Մերի Սաֆարյան) փրկարարական-հետազոտական պեղումներ իրականացրեց Երևանի մանկական այգու տարածքում: Նախկինում հին Երևանի այս հատվածում գտնվել է քաղաքի կենտրոնական՝ «Ղանթարի» շուկան՝ իրեն հարակից խանութներով ու շինություններով։ Հնագիտական հարուստ նյութի մեջ ուրույն տեղ են գրավում ծխամորճները (վերականգնող՝ Ս. Խալիկյան, գրչանկարիչ՝ Թ. Հմայակյան)։
Կարմրադարչնագույն, փայլեցրած մակերեսով ծխամորճներից մեկի փողին կա արաբատառ դաջվածք։ Ըստ արաբագետ Տիգրան Միքայելյանի՝ դաջված է պարսկերեն առոգանությամբ «Ռազի» կամ արաբերեն առոգանությամբ «Ռադի»։ Անձնանուն է, որը թարգմանաբար նշանակում է հաճելի-սիրված կամ գոհ։
Մյուս երկուսը դարձյալ կարմրադարչնագույն, փայլեցրած մակերես ունեն, որոնց գլխիկները պտուտակամերի տեսքով են։ Հիմքին մոտ օվալաձև մեդալիոնի մեջ դաջվածքն է՝ պատվո նշանի տակ հայատառ [Մ. Տ.] գրությամբ։
Վիմագրագետ Խաչիկ Հարությունյանի վերլուծության համաձայն՝ կցագիր է և վերծանվում է որպես Մ[ԱՐ]Տ[ԻՐՈՍ]։
Կարելի է ենթադրել, որ Մարտիրոսն իր ժամանակին ծխամորճագործ հայտնի վարպետ է եղել և իր ձեռքի աշխատանքները մեծ պահանջարկ են վայելել։
Հաշվի առնելով Մանկական այգու պեղումների արդյունքում բացված կառույցների և ուղեկցող նյութի ժամանակագրությունը, մեր գտածոները կարող ենք թվագրել 19-20-րդ դարերով։ Այն հանգամանքը, որ մեր պեղումներն իրականացվել են Երևանի այնժամյա ամենամեծ՝ «Ղանթարի» շուկայի տարածքում, որի տարբեր բաժանմունքներում վաճառվել են և՛ սնունդ (նաև մսամթերք), և՛ կենցաղային իրեր (ներկրված և տեղական սպասք, տնտեսական նշանակության տարատեսակ իրեր, պերճանքի առարկաներ և այլն), գործել են փոքր արտադրամասեր (թիթեղագործական, մետաղամշակության և այլն), թույլ է տալիս չբացառել ծխամորճների կրպակի առկայությունը։ Ինչով և կարող ենք մեկնաբանել Հայաստանի տարբեր հատվածներում գտնված նույնատիպ կնքադրոշմներով ծխամորճների առկայությունը։
Փոքր տեղամասերից հայտնաբերվել է բավականին հարուստ նյութ. ուշ միջնադարից մինչև 20 դ. կիրառվող դեղնավուն կավից և դեղին շփոթով պատված խեցեղենի տարբեր բեկորներ և ջրամաններ, կճուճի կամ սափորների բեկորներ, դրսից ներկրված բավականին հետաքրքիր անոթների՝ հախճապակու և ճենապակու բեկորներ:
Տարածքից նաև գտնվել է խորհրդային շրջանի արծաթե դրամ՝ 1923 թ․ Պետրոգրադ: Հետաքրքիր են ջնարակապատ, հախճապակե, ճենապակե տարբեր անոթների կտորները:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի կողմից իրականացված պեղումներին ու գտածոներին է անդրադարձել «Բաց երկնքի տակ» հաղորդաշարը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=3CuJnOKVbi4




