Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ս.թ. մայիսի 25-ից հայ֊ֆրանսիական համատեղ նախաձեռնությամբ համալիրի վերականգնման նախագծի շրջանակներում մեկնարկեցին Տաթևի Մեծ անապատի տարածքի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Արման Նալբանդյան)։
Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում ի հայտ եկան առաջին արդյունքները: Անապատի տարբեր հատվածներում կուտակված վիթխարի քանակությամբ քարակույտերի տակից հայտնաբերվեցին միջնադարյան խաչքարերի բեկորներ։
Տարածքն ազատվեց փարթամ բուսածածկույթից ու մացառուտներից, և այժմ բոլոր անանցանելի հատվածները դարձան հասանելի այցելուների համար։ Մաքրվեցին մի շարք խցերի և օժանդակ կառույցների ներսույթը, վերադասավորվեցին հարյուրավոր քարեր, որոնց մեջ գտնվեցին տասնյակ ճարտարապետական մանրամասների ու կոթողների բեկորներ։
Բացվեցին մի շարք, տարիներով փակված սենյակների մուտքերը։ Որոշ հատվածներում կատարված մասնակի պեղումների արդյունքում ի հայտ եկան անջնարակ և ջնարակված խեցեղենի ու հախճապակու բեկորներ։ Մաքրվեց դամբարանի տանիքը, սեղանատան, խոհանոցի և այլ կառույցների ներքին տարածքը։ Հայտնաբերվեցին խաչքարերի (այդ թվում՝ արձանագիր), տապանաքարերի բեկորներ։
Ուշագրավ են նորահայտ խարիսխը, քարե օջախը, ջնարակապատ թասիկի բեկորը և այլ գտածոներ։
Պեղումների ընթացքում բացվեցին նոր տարածքներ, խցերի մուտքեր, ի հայտ եկան արժեքավոր ճարտարապետական դետալներ, ինչպես նաև խեցեղեն։
Ուշագրավ է սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հորը։
Պեղումները շարունակվում են, և սպասվում են նոր բացահայտումներ։





