Վերապատրաստման դասընթաց՝ լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանման վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ
նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված թանգարանային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացավար՝ Պիեռ-Էմանուել Նյեբորգ (Ֆրանսիա)։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հավաքածուների նյութական առանձնահատկություններին, աղավաղումների պատճառներին (կլիմա, միջավայր, ջերմաստիճան և այլն) ու տեսակներին, ուսումնասիրեցին թանգարանային ֆոնդերում լուսանկարների և նեգատիվների պահպանման արդի պայմանները՝ գնահատելով դրանց ներկա վիճակը, ժամանակի և միջավայրի անբարենպաստ գործոնների առկայության դեպքում քայքայումներից զերծ պահելու նպատակով կանխարգելիչ միջոցների կիրառմանը։
Մասնագետները, դասընթացավարի և ֆոնդապահի ուղեկցությամբ, ուսումնասիրեցին թանգարանում առկա լուսանկարչական ֆոնդը, այնուհետև էքսկուրսավարի հետ շրջեցին ցուցասրահում։
Դասընթացավարը ներկայացրեց կիրառվող արդի մի քանի սարքեր և սարքավորումներ՝ ֆոնդերում ջերմաստիճանի, օդի խոնավության և չորության կարգավորման, վնասակար միջատներից պաշտպանելու համար։
Մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Արամ Խաչատրյանի տուն թանգարանին՝ հյուրընկալման համար, դասընթացավար Պիեռ-Էմանուել Նյեբորգին (Ֆրանսիա)՝ միջազգային փորձի փոխանակման համար, ինչպես նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ոլորտի մասնագետների համար կրկին անգամ նման հնարավորություն ստեղծելու համար։
Եռօրյա դասընթացն ամփոփվեց՝ նոր հանդիպումների ակնկալիքով։