Տրուսկավեց քաղաքում գտնվող հուշատախտակ

Տրուսկավեց քաղաքը գտնվում է Լվովի մարզում՝ Կարպատների լանջերին։ Այն հայտնի է որպես առողջարանային քաղաք՝ հատկապես իր հանքային ջրերով։ Ներկայումս այստեղ հայկական հուշարձաններ չկան, և պատմական աղբյուրներում ևս հայերի ներկայության մասին տեղեկությունները սակավ են։ Հայերի հետ կապված միակ հիշատակությունը պահպանվել է հանքային ջրերի ըմպելասրահի պատին տեղադրված հուշատախտակի վրա։ Այն նվիրված է Տրուսկավեցի հանքային ջրերն ուսումնասիրած և դրանց բուժական հատկությունները բացահայտած հայազգի քիմիկոս-դեղագործ Թեոդորոս Թորոսևիչին (1789, Ստանիսլավ – 1876, Լվով)։
«Տրուսկավեցյան հանքային ջրերը» գրքում արժևորված է այս նշանավոր գիտնականի տեղն ու դերը Ուկրաինայի հանքային ջրերի ուսումնասիրության գործում։ Թեոդորոս Թորոսևիչը 1812 թ. ավարտել է Վիեննայի համալսարանի դեղագործական ֆակուլտետը։ Գիտական գործունեության և հայտնագործությունների համար նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու պատվանշանների։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Լվովում, որտեղ էլ մահացել է 86 տարեկան հասակում։
1989 թ. հանդիսավորապես նշվել է Թեոդորոս Թորոսևիչի ծննդյան 200-ամյակը։ Լվովում առ այսօր գործում է նրա հիմնադրած դեղատուն-թանգարանը, որը հիշատակում է գիտնականի ներդրումը դեղագործության և բժշկության զարգացման գործում։
Տրուսկավեցում՝ հանքային ջրերի ըմպելասրահի պատին, տեղադրված է Թեոդորոս Թորոսևիչի դիմաքանդակով հուշատախտակ։ Դրա վրա ռուսերենով գրված է. «Первоисследователю лечебных минеральных вод курорта Трускавец Теодору Торосевичу к 150-летию основания курорта. 1827–1977» (Դիվան, 548)։

Օգտագործված գրականություն

Դիվան հայ վիմագրության, պրակ VII. Ուկրաինա, Մոլդովա, կազմեց՝ Գրիգոր Գրիգորյան, Երևան, ԳԱԱ, 1996:

Լուսանկարները՝ http://ru.hayazg.info/Торосевич_Теодор_Ян
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/9/9e/Источник_Эдвард_-_первый_Бювет_в_Трускавце_05.jpg