Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Օդեսայի (գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում) առաջին հայ բնակիչները քաղաք են եկել XIX դարի 30-ական թվականներին՝ Աքքերմանից (այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի) և Գրիգորիոպոլից։ Մխիթարյան հայր Մինաս Բժշկյանցը գրում է, որ XIX դարի սկզբներին Օդեսա կատարած իր այցելության ժամանակ քաղաքի հարավային կողմում բնակվում էր 30 հայ ընտանիք, որոնք եկել էին Գրիգորիոպոլից և եկեղեցի չունեին (Բժշկեանց, էջ 379)։
1894 թվականին Օդեսայում բնակվում էր ավելի քան 1200 հայ։ Հայ համայնքն ավելի ստվարացավ 1895–1896 թվականների Համիդյան կոտորածներից և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Համայնքը հրատարակել է ամսագիր, հիմնել հայկական դպրոց և մանկապարտեզ, ինչպես նաև գեղարվեստական խմբեր։
Օդեսայի հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններն են.
1. Հին եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
1840-ական թվականներին Բազարնայա և Եկատերինինսկայա փողոցների խաչմերուկում՝ քաղաքի ամենամեծ շուկայի հարևանությամբ, հետագայում Խորհրդային կոչված փողոցում, կառուցվել է հայկական եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ։ Այն Օդեսայում մեզ հայտնի առաջին հայկական եկեղեցին է։
Եկեղեցին ավերվել է 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին, իսկ հետագայում եկեղեցու տեղում կառուցվել է շենք, որտեղ ներկայում գտնվում է թիվ 18 միջնակարգ դպրոցը։
Եկեղեցու կանգուն լինելու ժամանակ այն ունեցել է երեք արձանագրություն, որոնք վերծանել է Լ. Մելիքսեթ-Բեկը, իսկ նրա վերծանություններից ընդօրինակել է Գրիգոր Գրիգորյանը։
2. Նոր եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Օդեսայի ներկայիս հայկական եկեղեցու կառուցման որոշումն ընդունվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին՝ Օդեսայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից։
Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1995 թվականին, և այն հանդիսավորությամբ օծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ։ Ինչպես հին եկեղեցին, ներկայիս եկեղեցին ևս կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։
3. Հայկական գերեզմանոց
Քաղաքի հարավարևմտյան հատվածում գտնվում է հայկական գերեզմանոցը։ Այստեղ պահպանված տապանագրերը հիմնականում նոր են, իսկ մեզ հայտնի ամենահին տապանագիրը թվագրվում է 1897 թվականով (Դիվան, էջ 255–256)։
Հին հայկական գերեզմանոցը, որը, հավանաբար, գտնվել է հին եկեղեցու հարակից տարածքում, ներկայում չի պահպանվել։
- Օգտագործված գրականություն
- Բժշկեանց, հայր Մինաս, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ-Ս. Ղազար, 1830։
- Դիվան հայ վիմագրության, պրակ VII, Ուկրաինա, Մոլդովա, կազմող՝ Գրիգոր Գրիգորյան, Երևան, ՀՀ ԳԱԱ, 1996։
- Давтян, Давид, История храма Св. Григория Просветителя Армянской Апостольской церкви в Одессе, Одесса, 2004։


