Մերի Սաֆարյան

ԱՐՔԱՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

       Աղձքի հայոց արքաների դամբարանի հուշարձանախմբում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) վերսկսեց պեղումները 2016 թվականի մայիսի 1-ից: Հուշարձանի ողջ տարածքը նախապես մաքրեցինք խոտից, քառակուսիների և անցուղիների կտրվածքների մերձակայքում թափված հողերից, կուտակված աղբից: Պեղավայրի ընդարձակման համար տեղափոխեցինք խանգարող քարերը, որոնց մի մասը՝ սրբատաշ որմնաքարերը, հավաքեցինք հս-աե ցածրադիր հատվածում, պատկերաքանդակ քարերը՝ խմբավորեցինք ըստ գործառնական նշանակության:

       Պեղավայրը 15 մ ընդարձակեցինք դեպի հարավ, պեղեցինք բազիլիկ եկեղեցու աղոթասրահը, նավերը և խորանը, եկեղեցուն հվ-ամ կից № 3 սենյակը, A:2/3/4, B:2/3/4, C:3/4 և D:3/4 քառակուսիները:

       Լուրջ ակնկալիքներ ունեինք հատկապես եկեղեցու շրջակայքի ու ինտերյերի պեղումներից: Խորանի՝ կարմիր ավազից լիցքը հեռացնելուց հետո բացվեց հիմքի ժայռը: Լիցքը հաստ շերտով չէր, հիմնականում 5-10 սմ, միայն տեղ-տեղ (խորանի կենտրոնում) հասնում էր մինչև 50 սմ:

       Պայտաձև խորանի Անմիջապես դիմաց տեղադրված էր  քարե 3 սնդուկ: Հվ թևում բացվեց առաջին սնդուկը (C:1:դ քառ.): Տվյալ հատվածում, ինչպես մյուս մասունքատուփերի տակ, հիմքի ժայռը փորել ու տուփերը խնամքով տեղադրել էին փորվածքում: Տուփը քառանկյուն է՝ բաղկացած մեկ ամբողջական վարդագույն տուֆից (չափերը՝ 70×57/60×33 սմ): Այն ծածկված է 12 սմ հաստությամբ նույն տուֆից պատրաստված հարթ կափարիչով:

       Երկրորդ սնդուկը խորանի հս թևում էր (C:1:բ քառ.)՝ ամ ճակատով հպված եկեղեցու կենտրոնի 3-4 շարով սալահատակին: Աղյուսագույն է, ունի աե-ամ ուղղվածություն: Կափարիչը երկթեք է՝ ճակատներում եռանկյունաձև: Սրա մակերեսն աե մասում վնասված է (չափերը՝ 83x55x20 սմ): Տուփը քառանկյուն է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատերին նկատելի են գործիքի թողած թեք հետքերը (չափերը՝ 80/81×53/54×30 սմ):

       Երրորդ սնդուկը երկրորդից 10-20 սմ դեպի հս է՝ աղոթասրահից հս նավ տանող սալահատակի տակ: Այն սև տուֆից է, քառանկյուն (չափերը՝ 79×91.5×30 սմ): Ուղղված է հս-աե/հվ-ամ: Սա ամենամեծն է:

       Բոլոր մասունքատուփերի մեջ ամփոփված են մարդկային ոսկորների քայքայված մնացորդներ, որոնք ունեն անկանոն դասավորվածություն, չեն պահպանել իրենց անատոմիական ամբողջականությունը:

       Ըստ մարդաբանի՝ առաջին սնդուկի ոսկորները բավականին նուրբ են ու, նախնական վերլուծությամբ, կարող են պատկանել իգական սեռի ներկայացուցչի: Թաղման ստորին շերտում գտնվեցին բազմաթիվ ատամներ (15 հատ):

       2-րդում կոնկրետ բնութագրող ոսկոր չէր պահպանվել. մնացել էին հիմնականում խողովակաձև ոսկորների մնացորդներ:

       Ըստ մարդաբանի նախնական դիտարկման՝ 3-րդի մեջ առկա էին առնվազն 2 անձի ոսկորներ: Անչափ ուշագրավ է, որ այս արկղի հս պատի տակ ընկած ոսկրախմբի մանր կտորների վրա կային այրվածքի հետքեր:

Բացի քարե սնդուկներից, եկեղեցու տարածքում գտնվեց սալարկղային 2 թաղում: մեկը՝ հենց կենտրոնում, մյուսը հվ նավի կենտրոնական մասում՝ հվ պատի տակ: Կմախքները՝ հատկապես առաջինը, շատ վատ են պահպանվել: Երկու թաղումն էլ թողնվել են տեղում և ծածկվել մաղած ավազի հաստ շերտով:

Առանձին թաղումներ կային նաև եկեղեցու հս պատի աե հատվածի երկայնքով ու ամ մուտքի տուֆե սրբատաշ աստիճաններից հվ, անմիջապես դրանց հպված:

Եկեղեցու ներսում բացեցինք նաև 3 հոր:

Առաջինը գտնվում է № 1 սնդուկից մի փոքր հս-աե: Այն ձվաձև է, փոքր ու սաղր, կողմնորոշումը՝ աե: Փորված էր ժայռի մեջ (չափերը՝ 43×50 սմ): Մեջն առկա էին խեցատներ, մանր ոսկորներ, վանակատի՝ փոքր, և բազալտի ու տուֆի մեծ կտորներ:

Երկրորդ հորը եկեղեցու գրեթե կենտրոնում է (C:1:ա քառ.): Ձվաձև է, կողմնորոշումը՝ դեպի հս: Շուրթը եզերված է բազալտե, տարբեր չափերի, անտաշ, 15 հատ քարով: Եվ շուրթը, և պատերն ու հատակը սվաղված են ցեմենտանման շաղախով: Հատակը 165 սմ խորությունում է: Մինչև 80 սմ պատերը հարթ են, ավելի ներքև տեղ-տեղ երևում են ներսը մխրճված ժայռաբեկորներ: Կենտրոնական մասում լայնանում է, իսկ դեպի հատակ՝ գնալով նեղանում: Հատակի հս մասում 35 սմ խորությամբ գրեթե շրջանաձև փոսորակ է արված:

Հորի չափերն են. վերին շերտ՝ 160×140 սմ, միջին շերտ՝ 185×155 սմ, ստորին շերտ՝ 150×130 սմ:

Երրորդ հորը երկրորդից № 2-ից ամ է (B:1:բ քառ.): Սրա շուրթին հվ և ամ կողմերից բազալտե մեծ չափի անտաշ քարեր են շարված: Ունի ընդամենը 125-130 սմ խորություն: Տանձաձև է, հատակն ու պատերը կավածեփ են: Այստեղ ևս հատակի գրեթե կենտրոնում 10-15 սմ խորությամբ փոսորակ կա: Ստորին շերտում, հատակի վրայի հողի միջից գտնվեցին ածխացած ցորենի մի քանի հատիկ:

№ 2 հորի հատակին գտնվեցին ապակու կտորներ և քորոց, Երրորդում՝ խորհրդային դրամ՝ 1969 թ. 10 կոպեկ: Անկասկած՝ այս հորերը նախկինում բացվել են:

Եկեղեցու ամ մուտքի աջ կողմում, իրար կողքի դրված, 2 թոնրի մնացորդ և 3-րդի հետքեր կան (B:1:դ քառ.): Այդ հատվածից գտնվեցին թոնրի մեծաքանակ բեկորներ: Չի բացառվում, որ դրանք ավելին են եղել:

Զուգահեռաբար աշխատում էինք եկեղեցու հվ ավանդատան հատվածում (չափերը՝ 350×200 սմ), որի հվ-ամ անկյունում բացվեց ևս մեկ թոնիր՝ № 4: Մեծ է, գլանաձև, ոչ ամբողջական: Պահպանվել է միայն ստորին հատվածը (չափերը. տ/գ՝ 83 սմ, հաստ.՝ 3.5 սմ, բարձր.՝ 30 սմ): Ունի աղյուսագույն հարթ մակերես, շուրթն ու իրանի վերին հատվածը բացակայում են: Շրջակայքից թոնրի բազմաթիվ բեկորներ են գտնվել, որոնց թվում նաև մասսիվ շուրթի կտորներ: Ամենայն հավանականությամբ, դրանք պատկանում են հենց այս թոնրին:

Հվ նավի կենտրոնական հատվածում (C:2:ա քառ.) փաստվեց տեղում ճզմված ու թերի պահպանված կարաս: Ունի աղյուսագույն մակերես: Շուրթի ու իրանի վերին հատվածը բացակայում էր: Գտնված տիպիկ բեկորներով, թույլ են տալիս հուսալ, որ անոթը կամբողջանա:

Եկեղեցուն հվ-ամ կից № 3 սենյակը A:2 և B:2 քառ.-ում է, №№ 3, 4, 5 և 6 պատերի միջակայքում: Հս-հվ ձգվող անցուղին անցնում է հենց սենյակի միջով՝ այն բաժանելով 2 մասի: Անմիջապես № 4 պատի տակ բացվել է հսկայական ժայռաբեկոր, որից 15-20 սմ դեպի աե, սենյակի գրեթե կենտրոնում հերթական թոնիրն է, որը կիսով չափ բաժանարար անցուղու տակ է՝ նույն սենյակի № 1 թոնրից հս ու 34 սմ ավելի ցածր մակարդակում: № 3 թոնիրը բավականին մեծ է, կավածեփ: Մակերեսը հարդարված է ուղղահայաց, նեղ ակոսագծերով: Պատերի հաստությունը 4 սմ է: Շուրթի մասը քայքայված է: Չի բացառվում, որ սենյակում գտնված բազմաթիվ բեկորները պատկանում են հենց այդ շուրթին: Հս կողմում թոնրի մակերեսն ավելի լավ է պահպանվել, քան հվ-ում: Հավանաբար թոնիրը վնասվել է դեռևս չօգտագործված, քանզի այն հվ եզերված է կավածեփ կոր շարվածք-հաստացումով: Հավանական է, որ հին թոնրի ներսում կառուցել են նորը:

№ 3 սենյակի մուտքի դիմաց՝ A:2 քառակուսու հենց կենտրոնում, բացվել է սալահատակի փոքր հատված: Հվ այն եզերված է բազալտի քարերից անկանոն, միաշար, նեղ պատով՝ № 16, որը ձգվում է աե-ամ: Պահպանվել է ընդամենը ստորին 2 շարքը:

Սալահատակն սկսվում է պատի հս մասից, եռանկյունաձև ձգվում դեպի հս և, անցնելով № 3 սենյակի մուտքով, ամենայն հավանականությամբ, խորանում սենյակի ներսը: Միաժամանակ հստակ նկատելի է, որ ամ այն անցնում է ինչպես № 6 պատի, այնպես էլ № 2 սենյակի սալահատակի տակ: Խորդուբորդ է՝ պատրաստված տարբեր չափերի (մեծ ու փոքր) բազալտե սալերից: Կենտրոնում տուֆե շրջանաձև սյան խարիսխ է:

A:2/3 քառ.-ուղ և 2015 թ. պեղված № 2 սենյակում բացված սալահատակի պատկերը 2016 թ. ավելի հստակեցվեց: Տեղում թողնված ընկույզի ծառերը հեռացնելուց հետո սալահատակի ամ հատվածի վրա ևս բացվեցին սյան փոքրիկ խարիսխներ: Քանի որ սալահատակն ամ անցնում է հուշարձանը եզերող պարսպապատի տակ և դրա սահմանները պարզ չեն, ուստի ենթադրում ենք, որ № 2 սենյակը առնվազն 5 զույգ սյունով զարդարված սրահ է եղել:

Հս-աե – հվ-ամ ձգվող № 14 պատի տակ (A:2:դ և A:3:բ քառ.) բացվեց 2 տապանաքար: Եվս 5 տապան ու 70-ից ավել կմախք գտնվեց B:3 քառ.-ում: Այստեղ թաղումները բազմաշերտ են. կային և¢ ամբողջական, ճիշտ անատոմիական միացություններով պահպանված, և¢ թերի, կիսաքայքայված կմախքներ, որոնք պատկանում էին նորածնից մինչև 50-60 տարեկան անհատների: Բավականին շատ են թաղումները նաև C:3 և C:4 քառ.-ում: Մասնավորապես C:3-ում քառակող կոթողների պատվանդաններից ամ ընկած տարածքում: Կար նաև սալարկղային  երկու թաղում:

Սույնատիպ թաղումներ հայտնաբերվեցին C:4 քառ.-ում սփռված 16 կմախք հեռացնելուց հետո: Դրանք ծածկել ենք մաղած հողի հաստ շերտով և կպեղենք առաջիկայում:

Այս քառ. աե մասում պահպանվել է հում, դարչնագույն աղյուսից պատրաստված հնոցի հիմքի մաս: Բացվել են հս և ամ պատերը: Հնոցի մեջ հետգայում տեղակայված սալարկղային թաղումների ու աե № 18 պատի միջև ընկած, թափված բազալտե քարերից որոշները տեղափոխելիս պարզվեց, որ հս-աե անկյունում հնոցի պատից մի կտոր էլ է պահպանվել: Ամբողջ աե հատվածը թափված քարերի տակ էր: Ուշագրավ է, որ հս պատի տակ, ներսի կողմից հատակ է բացվել, աե մասում ուղիղ անկյուն կազմող, պահպանված փոքր հատվածը հնոցի ներքին՝ բաժանարարն է: Նմանատիպ մի կտոր էլ (40×30 սմ չափերով) պահպանվել է հնոցի հվ-ամ կողմում: Ուստի ենթադրում ենք, որ հնոցը եղել է քառակուս՝ առանձին բաժիններով: Չափերը. հս պատ՝ 250x15x28սմ, ամ պատ՝ 300x28x30սմ, աե պատ՝ 40սմ (թերի մաս), հվ պատ՝ 100x16x30սմ (թերի մաս):

Վերջին երկու տարիների գտածոների պաշարը հարուստ է: Մի քանի տասնյակ հազարի է հասնում կավե տարբեր խեցանոթների բեկորների թիվը (35-40 հազ.), որոնց մեջ առանձնանում են կարասների դաջազարդ գոտիներով, տարբեր կենդանիների՝ ձիու, խոյի, թռչունի, ռելիեֆ պատկերներով բեկորները, կավից պատրաստված իլիկի գլուխները, հավասարաթև՝ ծաղկած խաչի պատկերով կոնաձև դաջիչը: Հազարից անցնում է ջնարակապատ կավանոթների բեկորների քանակը, որոնց նկարազարդման տարբեր եղանակներն ու որակը վկայում են գեղարվեստական բարձր ճաշակի ու կատարողական վարպետության մասին:  Շատ են ապակե գտածոները. հիմնականում կանաչ, կապույտ և դեղին գույնի ապակուց պատրաստված ապարանջանների բեկորներ, սպիտակ, թափանցիկ ապակուց պատրաստված անոթ-սրվակներ: Առկա են վանակատե ինչպես լավ մշակված, այնպես էլ անմշակ կտորներ: Գտնվել են ապակուց, ինչպես նաև սարդիոնից ու հախճապակուց ուլունքներ (13 հ.), որոնցից 1-ը ոտնաթաթի տեսք ունեցող կախիկ է:

Հուշարձանին բնորոշ հարթաքանդակներով աղյուսներից գտնվել է 32 բեկոր, որոնցից 2-ը վերականգնվել են: Դրանք կենդանական, բուսական պատկերներով են. որմզդեղին հետապնդող վագր, կենաց ծառից տերև պոկող ուղտ, ժապավենաձև «դրոշակակիր» արծիվ և այլն: Ի դեպ, շատ դեպքերում տերևների ձևը հար և նման է սոսու տերևներին:

Գտնվել են նաև բրոնզից (17 հ.) ու արծաթից (3 հ.) պատրաստված զարդեր, դրամ: Աչքի են ընկնում արծաթեդրամն ու մատանին, բրոնզե մատանիները: Արծաթե դրամը C:4:ա քառակուսում է՝ № 85 կմախքի ձախ ազդրոսկրի մոտ: Ջելաիրյան դիրհեմ է, XV դար (ըստ դրամագետ Արմինե Զոհրաբյանի): Թիթեռնիկաձև գագաթով արծաթից մատանին C:4:գ քառակուսու կմախքի ձախ ձեռքի ֆալանգներից մեկի վրա էր:

Պեղումներին զուգահեռ Աղցք գյուղի տարածքում ջրագծերի խողովակների փոխման արդյունքում ևս մեծ թվով գտածոներ ունեցանք: Օրինակ՝ Արքայական դամբարանին ամ զուգահեռ փողոցում ակոսից գտնվեց բազալտից քառակուսի՝ զոհասեղան հիշեցնող հսկայական կոթող:

Գյուղացիները մեզ հանձնել են  խաչքարերի բեկորներ էլ, որոնք տեղափոխել ենք հուշարձանի տարածք:

Դրսում, հվ մուտքի դիմաց, ճանապարհի ամ եզրում բացված 1 մ լայնությամբ ակոսի մեջ գտնվեցին ամբողջական 2 մեծ կարաս (in situ), առնվազն 2 կարասի բեկորներ: Ցավոք, տեխնիկան վնասել էր անոթների մի մասը:

Այդպիսի մի ակոսի մեջ կարասների մեկ այլ խումբ էլ հայտնաբերվեց դամբարանից մոտավորապես 300 մ դեպի հվ, փողոցի անկյունում: Դրանք երեքն էին: Այսպիսով, կարասների թիվը հասավ 6-ի՝ 2-ն ամբողջական, 2-ն արդեն վերականգնված է, 2-ն էլ՝ սպասում են իրենց հերթին:

Նշենք, որ ամբողջական կարասները զմռսված էին. մեկը բազալտե նեղ, անկանոն, մյուսը՝ տուֆե սկավառակաձև սալով: Արդյունքում գրեթե հող չէր լցվել անոթների մեջ, և հատակներից առկա նստվածքի ուսումնասիրությունը կպարզի դրանց պարունակությունը:

Եթե ամփոփելու լինենք 2016 թ. պեղումների արդյունքները, ապա կարող ենք վստահորեն նշել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել:

Աղցքի Արքայական դամբարանի հուշարձանախմբում տարին հարուստ էր թե՛ ոգեղեն, թե՛ նյութական գտածոների առումով:

Մեր արշավախմբի կարևորագույն գյուտերից են վաղ միջնադարյան եկեղեցու ներսում բացված 3 քարե սնդուկները, որտեղ մարդկային ոսկորների քայքայված, անատոմիական ամբողջականությունից զուրկ մնացորդներ էին: Հաստատվեց, որ Հայոց արքաների, արքայական տան անդամների մասունքները  հասել են Աղցք ավան ու վերաթաղվել այստեղ:

Ինչ վերաբերում է բազմաշերտ թաղումներին, ապա կարող ենք փաստել, որ դրանք պատկանում են ուշ միջնադարին և միգուցե նաև զարգացած միջնադարին: Իսկ ահա դրանց տակ բացված անխախտ տապանաքարերն ու սալարկղային թաղումները ավելի վաղ են՝ հավանաբար վաղ միջնադար:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 սրկոֆագ, պեղվել է 3 մասունքատուփ, 4 սալարկղային և սովորական 106 թաղում:

Գյուղի տարբեր հատվածներում հայտնաբերված հավաստում են, որ Աղցքի հնավայրը չի սահմանափակվում Արքայական դամբարանի՝ մեզ հայտնի տարածքով և բնակավայրը «նստած» է մշակութային հարուստ շերտի վրա:

2015-2016 թթ. պեղումների ընդհանուր պատկերը