Արշավախմբի Պետ՝ Հակոբ Սիմոնյան

Պեղող Հնագետ՝ Արմինե Հայրապետյան

ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏԸ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿի արշավախումբը ներկայումս վերսկսել է հուշարձանի հետազոտությունները:

Վաղ բրոնզի դարի և Վանի թագավորության քաղաքատեղի, միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարի հնավայր, հելլենիստական և վաղ միջնադարի գյուղատեղի, դամբարանադաշտ:

Հնավայրը զետեղված է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հյուսիս-արևմտյան մասում վեր բարձրացող եռանկյունաձև հատակագծով կոնաձև բլրի վրա, որն զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք: Գագաթի աշխարհագրական կոորդինատներն են.  N 400 48’ 49’’, E 440 30’ 02,7’’: Բլրի հիմքի բարձրությունը ծ.մ. 1300 մ է, գագաթինը՝ 1380 մ:  Բաղկացած է միջնաբերդից, պարսպատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից և վիթխարի դամբարանադաշտից, որ տարածքում այժմ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձև բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձև գագաթով բարձունքից, որի հարավային  և արևելյան մասում տարածվում է պարսպապատերով շրջափակված ընդարձակ դարավանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա տարածք:

Մինչ այժմ Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը եղել է էպիզոդիկ և միայն 2006-2008 թթ. այստեղ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու հստակ ծրագիր, այլ նախատեսված են եղել խուզահորերի միջոցով բացահայտել հուշարձանի շերտագրու-թյունը:

Լայնամասշտաբ պեղումները, որոնք միտված կլինեն բացահայտելու տարածքում եղած կոթողային կառույցները և պաշտպանական համակարգերը հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացմանը և էապես նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավաճակի բարելավմանը:

Հետազոտական աշխատանքներն իրականացվեցին բլուրի արևելյան մեծ դարավանդի եզրագծին, ընդհանուր առմամբ 14 մ երկարությամբ հարթության վրա: Անմիջապես խոտածածկի տակ բացվեց բլուրի ուրվագծի ուղղությամբ խոշոր կոպտատաշ քարերից շարված պարսպապատը: Տեղ-տեղ ընդհատումներով այն ձգվում է լանջի երկայնքով’ ուրվագծելով ամրացված բնակավայրի տարածքը:

Նախկին հետազոտությունների տվյալներով հիշյալ վերին հորիզոնը մեծ խտությամբ կառուցապատված է եղել Վանի թագավորության շրջանում, ռադիոածխածնային թվագրությամբ’ մ.թ.ա. 7-րդ դարում: Պեղված տեղամասում վերոհիշյալ պատից ստորև բացվեցին նաև հուշարձանի բնակեցման ավելի վաղ մշակութային շերտեր’ կավածեփ հատակով և նրա հետ աղերսվող մ.թ.ա. 3-րդ հազարամյակի Վաղ Բրոնզեդարյան մշակույթին բնորոշ նյութերով:

Աշխատանքների արդյունքում բացվեց նաև վերոհիշյալ հորիզոնները հատող, բլրի բնական ժայռազանգվածի մեջ փորված թաղում, որը նախկինում արված պեղումների զուգահեռներով, ըստ ամենայնի, վերաբերում է մ.թ. 3 – 5-րդ դդ.’ ուշ անտիկ – վաղ միջնադարյան իրողություններին: Ուշագրավ է, որ պահպանված էր դագաղի փայտի վերին շերտը, սակայն հանգուցյալի ոսկորները և փայտի ստորին մասը փովին քայքայված էին: Ի տարբերություն լանջն ի վար պեղված մեկ այլ նմանատիպ դամբարանի զուգահեռների, որտեղ առկա էր շուրջ 100 ուլունքներից, բրոնզե ականջողից և մատանուց բաղկացած ուղեկցող գույք՝ նորահայտ թաղման հետ առնչվող նյութեր չգտնվեցին: Դամբարանն ուներ արևելք-արևմուտք ուղղվածություն, հանգուցյալը պառկած էր ուղղաձիգ, ձեռքերը որովայնի վրա խաչված վիճակում:

Պեղումներով բացահայտվեցին ևս երեք նմանատիպ թաղման հորերի ուրվագծեր՝ միմյանց զուգահեռ, 30-40 սմ հեռավորությամբ:

 Գտնված ողջ հնագիտական նյութը’ խեցեղեն, ոսկոր և քարե ինդուստրիայի նմուշներ, հավաքվել են ամբողջությամբ’ հետագա կամերալ ոաումնասիրության համար:

Պեղումների ավարտին պեղված մշակութային իրողությունների պահպանման նպատակով բացված մակերեսըվերածածկվել է հողային պարկերով և հողալիցքով: