Արման Նալբանդյան

ԹԵԺԱՌՈՒՅՔ ՄԱՏՈՒՌԸ

ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարականով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը 2016 թ. նախաձեռնեց ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Թեժառույք վանական համալիրի XIII – XIV դդ. թվագրվող մատուռի պեղման աշխատանքները (հնագետ՝ Ա. Նալբանդյան): Նախորդ տարում ավերված շինությունն ուսումնասիրվել էր մասնակիորեն:

Մատուռից պահպանվել է երկաստիճան գետնախարիսխը: Աստճաններից առաջինն ունի 33, երկրորդը՝ եզրերի կորաձև մշակումով, 22 սմ բարձրություն: Հիմնականում կանգուն է նաև պատերի ստորին՝ 90 սմ բարձրությամբ շարվածքը: Մատուռի չափերն են 6,90 x 6,70 մ (նկ. 1): Միակ մուտքն ամ կողմից է:

Պատերից հաշված երկու մետր լայնքով պեղավայրը բաժանեցինք 3,50-3,70 մ երկարությամբ 10 քառակուսու: Մեկ առանձին քառակուսի էր մատուռի ներքին տարածությունը՝ 4,87×4,36 մ չափերով: Մատուռի ներսում՝ պատի ամբողջ եզրագծով ձգվող ամ կողմում 40-50 սմ լայնությամբ աստիճանաբար նեղանալով աե հասնում է 15 սմ: Դրանից 10-15 սմ խորությունում, տեղ-տեղ, ամ և հս մասերում բացվեցին անմշակ գլաքարերով հատակի մնացորդներ, իսկ մատուռի մեծ մասում, հատկապես կիսաշրջանաձև խորանի հատվածում սպիտակ կրահողի շերտ է: Ըստ պեղումների արդյունքի կարելի է եզրակացնել, որ քարե հատակ ունեցել է միայն մատուռի ուղղանկյուն սրահը, իսկ կիսաշրջան աբսիդի հատվածում այն եղել է սպիտակավուն կրից, որը փոքր-ինչ բարձր է սրահի մակարդակից (նկ. 2): Ներսի միակ ուշագրավ, 92×60 սմ չափսերի քարը դրված էր մուտքից աջ: Ենթադրվում է, որ դա ճակտոնի քարերից է, որի մակերեսին կոր գոտի է քանդակված (աղ. I ա):

Արևմտյան հատվածում շերտը հվ եզրում հասավ` 20, իսկ հս՝ 60 սմ խորության՝ տեղանքի թեքության հետևանքով: Այստեղ բացվեց բազալտե խոշոր սալատապան (երկ.՝ 1,75 մ, լայնքը մոտ 82 սմ, հաստ.՝ մոտ 20 սմ): Տապանաքարի մակերեսը եզերված է զույգ գոտով: Ամ կողմում զույգ գոտով է կիսաշրջանաձև խորանի պատկերը, որի գագաթը իր հերթին պսակված է զույգ կորով: Սալատապանի աե և ամ եզրերն ունեն մեկական միջանցիկ անցքեր (նկ. 3): Սրանից փոքր-ինչ բացվեց տապանաքար հիշեցնող բարակ ծածկասալ (141×65 սմ): Քարի հարթ մակերեսի եզրն ավարտվում է ուղղանկյունաձև ելուստով: Այսպիսի ծածկասալերի բեկորներ գտնվել էին բազմիցս, սակայն սա գրեթե ամբողջական պահպանվածությամբ եզակի նմուշ է և արժեքավոր՝ մատուռի ծածկի վերակազմության համար (աղ. I բ): Մուտքի առջև է ևս մեկ՝ կոտրված տապանաքար (78×84 սմ): Ձախ մասում է երկու մասի բաժանված խոշոր սալատապանը: Այսպիսով փաստված է, որ մատուռից ամ ընկած հատվածը 14-15-րդ դդ. եղել է գերեզմանատուն, որտեղ բացի սալերից որպես գերեզմանաքար օգտագործվել են նաև զանազան շինաքարեր (նկ. 4):

Պեղավայրի ամ քարերից առանձնանում է կորավուն մշակումով  և շքամուտքի որմնասյուն հիշեցնող մանրամասնը (աղ. I գ): Գտնվեց նաև մեծ թվով խեցեղեն՝ անոթների մասերի բեկորներ և մեկ դեղնավուն երանգով ջնարակեպատ մի կտոր: Ուշագրավ առարկաներից է կավե ճրագամանի բեկորը՝ 5 սմ բարձր և 6 սմ տրամագծով հարթ հատակ, նավակաձև իրան և սրացող ծորակ: Այն պատված է մրի և այրված ձեթի հետքերով:

Հս կողմում պեղեցինք մատուռի հիմքերը՝ 50 սմ խորությամբ, որտեղ գտնվեց փոքր չափերի (69×29 սմ) քիվ, որը ձևով կրկնում է եկեղեցուն կցված գավթի քիվին: Սա քիվի միակ նմուշն է և խիստ կարևոր է մատուռի վերակազմության համար (աղ. I դ):  Ուշագրավ է կապույտ ջնարակով պատված խեցին:

Մատուռի հս-աե անկյան մոտ էր տապանաքարի բեկորը (երկ.՝ մոտ 55 սմ, լայնքը՝ մոտ 80 սմ), որը, ամենայն հավանականությամբ, իր նախնական տեղում չէր: Մակերեսին զույգ ակոսով շրջանակ է և խորանաձև պատկեր: Պեղավայրի 60 սմ խորությունում նույնպես գտնվեցին մեծ թվով որմնաքարեր: Մատուռի հիմքերի մակարդակից ներքև նույնպես նկատվում են խոշոր քարեր: Բազմաթիվ է խեցեղենը և ոսկորները՝ նաև մարդու: Փոքրիկ ճրագամանը երեք կողմերում ունի ելուստ-բռնակներ (չորրորդը, ցավոք, կոտրված է): Ճրագամանի այս տեսակը բացառիկ է միջնադարյան մշակույթում և գրեթե չունի զուգահեռներ այլ հուշարձաններում (նկ. 5):

Մատուռի հվ-աե անկյան խորքում դրված բազալտե խոշոր սալատապանը, թերևս ենթարկվել է կրկնակի օգտագործման և ծառայել որպես հիմնաքար: Մակերեսը մեծամասամբ ծածկված է հիմնախարսխով: Երևացող հատվածում միակոս շրջագոտու և շրջանաձև պատկերի հատվածներ ենԼ Չափերն են՝ 60×1,77 սմ (նկ. 6):

Հվ քառակուսիներում բարդություն առաջացավ, քանի որ ժամանակին տեղացիների կողմից մատուռի ներսից հանած հողը տեղացիները լցրել էին պատի տակ, և գոյացել էր 1,10 մ բարձրությամբ հողաթումբ: Սա հեռացնելիս հայտնաբերվեցին հատուկենտ ոսկորներ և խեցեղեն: Այստեղ մատուռի հիմքերն առավել ամուր էին, հակառակ մյուս երեք կողմերի, որոնցում հիմնատակերը մանրքարային և կրային լիցքով է և դրված են խոշոր ժայռաբեկորներ և տապանաքարեր: Որպես հիմնաքար օգտագործված տապանը կիսված է և մի կեսը տեղադրված է լայնությամբ: Ընդհանուր երկարությունը մոտ 145 սմ է, լայնքը՝ 68 սմ, մակերեսին զույգ ակոսով շրջագոտի է և մարդու գլխի ուրվագծային պատկեր: Գտնվեցին նաև միջին և մեծ չափերի անմշակ գլաքարեր և սրբատաշ որմնաքարեր: Շերտի խորությունը հասավ 60 սմ:

Ընդհանուր առմամբ հաշվառեցինք և ցուցակագրեցինք ճարտարապետական արժեքավոր 10մանրամասն, 82 որմնաքար, որմնաքարի, ծածկասալի և ամրակների 148 բեկոր:

Պեղումների արդյունքներից եզրահանգել ենք այն հետևությանը, որ այս քաղկեդոնական դավանանքի հոգևոր կառույց է և հավանական է, որ երբևէ չի ենթարկվել վերակառուցման: Չի բացառվում, որ կառուցված լինի XIII դարում, երբ Թեժառույքը դեռևս գտնվում էր Իվանե Զաքարյանի նշանավոր զորահրամանատար Մեծն Բուբայի ժառանգների պաշտոնավարման տիրույթներում: Դրա ամ կողմում ձևավորվել է մատուռին ժամանակակից գերեզմանոց, XII-XIII դդ. շինության հիմքերում օգտագործվել են մարդու ուրվագծային պատկերով տապանաքարեր:

Այժմ, երբ ամբողջությամբ բացված են կառույցի հիմքերը, մատուռի պահպանությունն էլ ավելի վտանգված է դարձել: Բացված քառակուսիների փոսորակները կարող են լցվել անձրևաջրերով և արագացնել հիմնամասերի քայքայումը: Հաշվի առնելով, որ Թեժառույքի վանական համալիր ամեն տարի այցելուների մեծ հոսք է լինում, ուստի կառույցները վնասելու հավանականությունը խիստ մեծանում է: