Մերի Սաֆարյան

Կարմիր Բլուրի Գտածոները

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան), 2016 թվականի մարտին վերսկսեց Կարմիր բլուր հնավայրի դամբարանադաշտի պեղումները: Պեղավայրը, որին հվ ավելացվել էր 2 մետրանոց հատված, պայմանականորեն բաժանվեց 3 մասի, որոնք ուսումնասիրում էին Ռոզա Հարությունյանի Մելինե Սիմոնյանի, և Մերի Սաֆարյանի գլխավորած խմբերը:

Սկզբում ձեռնամուխ եղանք տեղանքի վերին շերտի մաքրման աշխատանքներին: Նախապես հեռացվել էր ասֆալտապատ մասի, ապա, որոշ հատվածներում, նաև աղբախառը հողի՝ տեղ-տեղ կես մետրի հասնող շերտերը, որպեսզի հասնենք դամբարաններին:

Նախորդ տարում դեռ չպեղված թաղումներին զուգահեռ գտնվեց նորերը:

Ընդհանուր առմամբ մեր խումբը պեղեց 27 դամբարան, որոնցից 2-ը քարարկղային (ընդ որում՝ մեկը դրոմոսով), 2-ն առանց դամբանախցի, 4 մանկական թաղում, մյուսները քարահողային կառուցվածքով էին:

№ 101 դամբարանը մյուսներից տարբերվում է եզակի կրոմլեխով և թաղման գույքի հարստությամբ:

Կրոմլեխը տանձաձև էր: Այստեղի 2 դամբարանից մեկը կրոմլեխի հս-աե մասում էր, երկրորդը՝ հվ-ամ: Կրոմլեխի հվ-ամ նեղ հատվածը շարված էր երկրորդ խցի շուրթով (հվ, հվ-ամ կողմի քարերը մխրճվել էին խցի մեջ): Խցի հս հատվածում կրոմլեխը բացակայում էր: Չի բացառվում, որ 2 խցում թաղված անձիք ունեցել են ազգակցական առնչություն:

№ 109 դամբարանը նույնպես առանձնանում էր արտաքին տեսքով: Տարբեր չափերի գետաքարերից ու բազալտի անկանոն քարակտորներից բաղկացած և գրեթե ամբողջական ժապավենաձև կրոմլեխի հս-ամ և հվ-ամ մասերում դրված էին տուֆե կուռք-«աչիկներ»: Եվս մեկը հպված էր դամբանափոսի հվ-աե անկյունին, որում առկա էին եռանկյունաձև դասավորված 3 մեծ փոսիկներ:

№ 150 դամբանախցում գրանցվեց փոսի կենտրոնից մի փոքր հս, լայնքով շարված, 40 սմ հաստությամբ պատ: Եռաշերտ, մեծ գետաքարերի շարվածքը դրված էր իգական սեռի ներկայացուցչի կմախքի վրա:

№ 238 դամբարանը քարարկղային էր: Նմանատիպ դամբարաններ Կարմիր բլուրի դամբարանադաշտի պեղված հատվածում ընդամենը 3-ն էին (№№ 238, 240 և 252), որոնցից ամենամեծն ու արժեքավորը վերջինն է:

Չնայած այս դամբարանը թալանված էր, սակայն պահպանել էր կառուցվածքային ամբողջականությունը. պատերի վերին շարը բաղկացած էր հսկա 30 սալից, որոնցից 27-ը բազալտե: Քարարկղի պատերն ունեին 4-6 շար, որոնց առավելագույն բարձրությունն հասնում էր 170 սմ (հվ-ամ անկյուն):

Քարարկղային № 244 դամբարանը յուրահատուկ էր դրոմոսի առկայությամբ: Սրա շրջանաձև հսկայական կրոմլեխը, բաղկացած էր 3 շարից. արտաքինը՝ մանր և միջին չափի գետաքարերից, ներքինը՝ ավելի մեծ ու միջին չափի գետաքարերից: Դրանց միջև տուֆե ժապավենաձև շերտ էր ձգվում:

Դամբանախուցը և հվ կից դրոմոսը բաժանված էին առավելագույնը 63 սմ հաստությամբ միջնորմով, որը դեպի խցի հատակը բարակում և թեքվում էր դրոմոսի ներսը:

Խուցն արտաքինից սեղանաձև էր: Աե պատի առավելագույն բարձրությունը մոտ 200 սմ էր: Հս և աե պատերի վերին 3 շարերը թեթևակի առաջանում էին դեպի ներս (առաջակառկառ էին՝ консул) և նեղացնում էին խցի շուրթի հատվածը:

Մանկական թաղումներից երկուսում կմախք չէր պահպանվել (№№ 154 և 194), սակայն գտնվեց 2-ական անոթ և ոսկորի փոքրիկ մեկ կտոր (№153) և մեկ անոթ: №244ա դամբանում հայտնաբերվեցին երեխայի կիսաքայքայված կմախք՝ ձախ կողքի վրա պառկած, մանյակ և 2 ապարանջան, կաուրի խխունջներ:

Դամբարաններում կատարվել էին անհատական և խմբային թաղումներ ինչպես ամբողջական դիադրմամբ, այնպես էլ թերի, դիամասնատման ծեսով (№№ 105, 106 , 107): Այսպես, № 105 դամբարանում հիմնական թաղումից բացի, հվ պատի տակ առկա էին մանկական և իգական սեռի ներկայացուցչի՝ իրար խառնված ոսկորներ, որոնց տակ պահպանվել էր հասուն տարիքի տղամարդու կմախք՝ առանց իրանի ձախ կեսի:

№106 դամբարանի ստորին շերտում բացվեց արական սեռի ներկայացուցչի երկու մասի բաժանված կմախք, որի իրանի վերին հատվածը գլխիվայր, առանց գանգ, դրված էր խցի հվ-ամ անկյունում, ստորինը՝ մի փոքր հս-աե:

Այս դամբարանն առանձնացավ խցի երկու կողմում «թաղված» տուֆե,  ամբողջական 2կուռք-ֆալլոսներով:

№ 107 դամբարանի 40-50 տարեկան տղամարդու տեղակայված էր խցի հվ կեսի, կենտրոնւմ, աջ կողքի վրա՝ սաղմնային դիրքով, խիստ կծկված, և կրում էր դիամասնատման հետքեր: Գանգը՝ ստորին ծնոտի հետ միասին, պարանոցի հատվածում առանձնացված էր մարմնից և դրված կրծքավանդակի դիմաց՝ ձախ կողքի վրա, դեմքով դեպի հս-ամ: Գլխատվել էր պարանոցային 5-րդ ողից, աջ ձեռքի նախաբազկի ոսկորները առանձնացված էին մարմնից:

Դամբարանների թաղման գույքում անոթների առյուծի բաժինը կճուճներ և սափորներ են, բրոնզե իրերի մեծ մասը՝ ապարանջաններ, որոնցից 2-ն՝ օձագլուխ: Ուլունքներն էլ հիմնականում սարդիոնից և ապակուց են, առկա են նաև հախճապակուց և մածուկից պատրաստվածները:

Անոթների բազմազանությամբ աչքի էր ընկնում № 101 դամբարանը, որտեղ բացված անոթների կեսն ուներ կարմրադարչնագույն, փայլեցրած մակերես: Առանձնահատուկ է կարմիր-դարչնագույն, փայլեցրած մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով և դեպի ներս կորացող շրթով ծիսական, 4 ոտնանի անոթը (2-ը՝ կոտրված): Շուրթից մի փոքր ներքև ձկնապոչ 2 կանթի կենտրոնում ուղղահայաց անցք է գայլիկոնված: Խուփը ևս ձկնապոչ է: Մակերեսը հարդարված է կենաց ծառի զարդապատկերով: Նմանատիպ անոթներ գտնվել են №№ 13 (հնագետ Ի. Քալանթարյան) և 16 (հնագետ Մ. Սիմոնյան) դամբարաններում:

Դամբ. 101

№ 107 դամբարանում բացի մեծ և ամբողջական անոթներից, եզակի էին հավասարաթև խաչի տեսքով բրոնզե 2 ճարմանդը:

Ուշագրավ էին № 238 դամբարանի շուրջ 2 տասնյակ, ճզմված կամ կոտրված անոթները: Բազմաթիվ էին զանազան նյութերից պատրաստված ուլունքները, ծարիրից էր 7 կոճակը: Սև փայլեցրած մակերեսով, գնդաձև-երկարուկ իրանով, կարճ պարանոցով ու դուրս փռված, վերնամասում կլորացող շուրթ ունեցող ծիսական անոթի ուսերն հարդարված են իրար մեջ 6-ական նեղ ակոսագծերով եռանկյունիների՝ հաջորդական զարդագոտիով, որը վարից եզերված է հորիզոնական ակոսագծով: Ուսին մի կողմում օվալաձև նստուկ է:

№ 244 դամբարանում խեցանոթների բազմաթիվ բեկորների մեջ ամբողջականը չգտնվեց: Հայտնաբերվեց 2 ձիու կմախքի մնացորդ՝ խցում և մեկը՝ դրոմոսում: Առկա էին այլ կենդանիների ոսկորներ, զարդերն ու ուլունքները քիչ էին:

Հետաքրքրություն առաջացրեց դրոմոսում գտնված ոսկրե մի քանի փոքրիկ իրը: Դրանք վահանաձև, կենտրոնում միջանցիկ անցքով ու նեղ շրջանի մեջ վերցված, հավասարաթև աստղի եռանկյունաձև փորվածքով բեկորներ են: Դրանց եզրերը նեղ, գծազարդ շրջագոտի ունեն՝ դեպի դուրս ուղղված կարճ ճառագայթներով: Աշտարակաձև զարդաբեկորների վերին հատվածի եզերված հորիզոնական զարդագոտիներով մեկումեջ քառակուսի փորվածքների՝ միմյանց հաջորդող գոտուց կտորներ են պահպանվել:  Գծերն ու խորաքանդակ հատվածները լցված են սև գույնի նյութով: Դրանք, հավանաբար, եղել են ձիակառքի հարդարանքի մասեր:

Պեղվածքն ուսումնասիրության փուլում է: