Կենտրոնի հնագիտական գործունեությունը

    Վերջին տարիներին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալիր և լայնածավալ պեղումներ է իրականացրել Հայաստանի առանցքային այնպիսի կարևոր հուշարձաններում, ինչպիսիք են Շենգավիթը, Վերին Նավեր, Ներքին Նավեր և Թեյշեբաինի քաղաքի դամբարանադաշտերը, Աղձքի հայոց արքաների դամբարանային համալիրը, միջնադարյան Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Լօռէ բերդաքաղաքը, Լճաշենի բրոնզի և Վանի թագավորության ժամանակաշրջանի ամրոցը, մարդու կողմից և բնական իրավիճակների հետևանքով վտանգված բազմաթիվ այլ հնավայրեր, որոնց ուսումնասիրմանը ներգրավվել են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի հարյուրավոր ուսանողներ, և արտերկրից ժամանած կամավորներ:

    Պեղումների արդյունքում հայտնաբերած և վերականգնած գտածոները կենտրոնը ցուցադրել է Բերձորի, Ստեփանակերտի, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության թանգարանների և Երևանի ոսկերչական գործարանի կազմակերպած ցուցահանդեսներում: 

    Կազմակերպությունը բազմիցս մասնակցել է ARTEXPO մշակութային ցուցադրությունների կազմակերպմանը՝ հասարակությանն իրազեկելով կատարված լայնամասշտաբ աշխատանքի ու պեղած արտեֆակտների մասին:

    Կենտրոնի իրականացրած դաշտային հետազոտությունների ժամանակ հնավայրերից հայտնաբերված հազարից ավելի մարդաբանական նյութերի պահպանումը, դասակարգումը և համալիր ուսումնասիրումը կազմակերպելու, ժամանակակից մեթոդներով հայ էթնոսի ծագումնաբանությունը, զարգացումը և գենետիկ ակունքները բացահայտելու նպատակով ստեղծվել է հնամարդաբանական ֆոնդ: Այս ծրագրում ընգրկվել են ԱՄՆ-ի, Շվեդիայի և Ռուսաստանի հեղինակավոր գիտական կենտրոններ և անվանի գիտնականներ: Հայ ժողովրդի ծագման և գենետիկայի բացահայտմանն ուղղորդված բացառիկ գիտահետազոտական այս աշխատանքը՝ ժամանակակից մեթոդներով պարզաբանելը հնարավորություն կնձեռի հիմնավորել հայերի տեղաբնակ լինելը:

    Միջազգային համագործակցության և համատեղ արշավախմբերի միջոցով պեղումներ են իրականացվել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի Ախթամիր (հայ-բելգիական արշավախումբ, Գենտի համալսարանի հետ, հայկական կողմի ղեկավար՝ Հ. Սիմոնյան), Երևանի Շենգավաիթ վաղ բրոնզի դարի քաղաքատեղիում (հայ-ամերիկյան արշավախումբ, Ուայդների համալսարանի հետ, հայկական կողմի ղեկավար՝ Հ. Սիմոնյան): 

    Կենտրոնի մասնագետները մասնակցել են Գեղարքունիքի բրոնզի և ուրարտական շրջանի ամրոցները հետազոտող՝ հայ-իտալական արշավախմբի աշխատանքներին (Հ. Սանամյան, Հ. Սիմոնյան, Տ. Սիմոնյան): Միջազգային համագործակցության պայմանագրեր են կքնվել Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանի, Մոսկվայի ՌՖ ԳԱ մարդաբանության, Սանկտ-պետերբուրգի՝ ՌՖ ԳԱ Նյութական մշակույթի ուսումնասիրման ինստիտուտների, Տուսլայի համալսարանի, ԱՄՆ-ի, Շվեդիայի որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների մարդաբանության ամբիոնների հետ: