ՀԱՅԱՑՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

    2018 թ. լրանում է պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության, պահպանության, վերականգնման գործընթացները Հայաստանում պետական հիմքերի վրա դնելու 100-ամյա հոբելյանը:

    Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվեցին դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրոք: 1920 թ. հունիսին ակադ. Ալ. Թամանյանը, Գարեգին եպսկ. Հովսեփյանը (հետագայում՝ Անթիլիասի կաթողիկոս Գարեգին Ա) և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը դիմեցին ՀՀ կրթության և արվեստի գործերի նախարարին՝ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե ստեղծելու առաջարկով: Դիմումին կից ներկայացվեցին կոմիտեի կանոնադրությունն ու գործունեության ծրագիրը: Սակայն կոմիտեն գործունեություն չծավալեց Առաջին հանրապետության անկման պատճառով: Գործընթացի հաջորդ քայլը կատարվեց Հայաստանի երկրորդ հանրապետության ստեղծումից հետո: Հայկական ԽՍՀ լուսժողկոմ, պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի 1921 թ. հունվարի 8-ի հրամանով Լուսժողկոմատին կից ստեղծվեց Հնությանց և գեղարվեստից պահպանման հանձնաժողով (նախագահ՝ Ալ. Թամանյան):

    1921 թ. Կառավարության նախագահ Ալ. Մյասնիկյանի հրավերով Երևան տեղափոխվեց Մարտիրոս Սարյանը և նշանակվեց նույն թվականի հոկտեմբերի 19-ին ստեղծված Հնությունների և գեղարվեստի պահպանման կոմիտեի նախագահ: Գիտական քարտուղար նշանակվեց Աշխ. Քալանթարը:

    Դիրեկտորի (տնօրեն) պաշտոնի համար Թիֆլիսից հրավիրվեց ազգագրագետ և բանահավաք Երվանդ Լալայանը: Ստեղծվեց թանգարան, արգելվեց արվեստի և գիտական արժեք ունեցող գործերի արտահանումը: Թանգարանի համար ընտրվեց արական գիմնազիայի (հետագայում՝ Կուլտուրայի տուն) անավարտ շենքը, որի մի քանի սենյակներում տեղադրվեցին հավաքված, մասամբ էլ՝ Թիֆլիսի Կովկասյան թանգարանից բերված Անի մայրաքաղաքի հնագիտական պեղումների նյութերը: Հետագայում, Մ. Սարյանի ծանրաբեռնվածու¬թյան պատճառով կոմիտեի նախագահ դարձավ Ա. Քալանթարը, իսկ գիտ. քարտուղար նշանակվեց Գևորգ Ասատուրը: ԺԿԽ 1923 թ. դեկտեմբերի 18-ի դեկրետի հիման վրա, Լուսժողկոմատի իրավասության ներքո ստեղծվեց Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե (նախագահ՝ Ալ. Թամանյան, անդամներ՝ Թ. Թորամանյան, Մ. Սարյան, Աշխ. Քալանթար (գիտ. քարտուղար), Սենեքերիմ Տեր-Հակոբյան):

    1925-ից՝ Նիկողայոս Բունիաթյան, Գարեգին Լևոնյան, և Ստ. Լիսիցյան, հետո՝ Երվանդ Շահազիզ, Ռուբեն Դրամբյան, Եվգենի Բայբուրդյան, Հովսեփ Օրբելի, Տարագրոս, Նիկոլայ Տոկարսկի և այլոք: Կոմիտեի պատվավոր անդամ ընտրվեց հայագետ-կովկասագետ ակադ. Նիկողայոս Մառը:

    Կոմետեի գործունեությունն ընթացավ վարչական, ճարտարապետական հուշարձանների գիտահետազոտական, վերականգնման, պահպանության, հաշվառման և ցուցակագրման ուղղությամբ: 1920-ական թթ. մասնակիորեն վերանորոգվեցին մի քանի նշանավոր հուշարձաններ`Մայր տաճար, Երերույք, Սանահին, Կեչառիս (թվով 12 փոքրածավալ նորոգումեր): Թ. Թորամանյանը կազմեց հաշվառված հուշարձանների առաջին ցուցակը, որն ընդգրկում էր 80 անուն:

    Շատ չծավալվելով ընդհանրացնեմ` 1930-1960-ական թթ. կոմիտեն քանիցս փոխեց իր կարգավիճակը, հայտնվեց պետական ու գիտական տարբեր օղակների ենթակայությամբ, բայց դա չարգելակեց նրա բնականոն գործունեությունը: Նույնիսկ Մեծ հայրենականի տարիներին շարունակվեց հնությունների պահպանության գործը: 1935-ից գումարներ հատկացվեցին նաև տեղական բյուջեների հաշվին, ինչի շնորհիվ ավելացան վերականգնման համար նախատեսվող գումարները: Ետպատերազմյան տարիներին ակտիվացավ կոմիտեի գործունեությունը և տարեցտարի ավելացան հուշարձանների պահպանության ու վերականգնման համար նախատեսված պետական միջոցները: Գործի մեջ ընդգրկվեցին Հովհ. Մարգարյանը, Կոստանդին Հովհաննիսյանը, Կարո Ղաֆադարյանը, Վարազդատ Հարությունյանը, Հովսեփ Եղիազարյանը, Սուրեն Սաղումյանը և այլոք, ստեղծվեց նաև վերականգնման արվեստանոց: 1969 և 1977 թթ. ընդունվեցին օրենքներ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին»: 

    Վերջին օրենքի հիմա վրա, Հայաստանի Կոմկուսի ԿԿ-ի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. ապրիլի 19-ի հատուկ որոշմամբ Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությունը (պետ՝ Կ. Հովհաննիսյան), որ տարիներ գործում էր Պետշինի կազմում, վերակազմվեց ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության (պետ՝ Գրիգոր Հասրաթյան): Գործընթացն իրականացնող մարմինն ստացավ ինքնուրույն կարգավիճակ և ինքնուրույն ֆինանսավորում, հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցի (տնօրեն՝ Ռ. Եսայան) նյութատեխնիկական կարողությունը, կազմավորվեց ինքնուրույն գործող ու բարձրակարգ մասնագետներով համալրված Նախագծային գրասենյակ (պետ՝ Թելման Գևորգյան, ապա՝ Ռուբեն Այդինյան), որտեղ իրականացվում էին հուշարձանների վկայագրման, չափագրման, հաշվառման ու ցուցակագրման, ինչպես նաև՝ վերականգնման նախագծերի կազմման աշխատանքները:

    Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և վերականգնումների վրա անմիջական հսկողություն սահմանելու նպատակով ստեղծվեցին հատուկ գիտաարտադրական արվեստանոցի տեղամասեր Աշտարակում, Գուգարքում (ք. Կիրովական/Վանաձոր), Սևանի ավազանում (ք. Սևան) և Զանգեզուրում (ք. Ղափան/Կապան): Այս ամենի շնորհիվ 1979-ից սկսած ավելի արդյունավետ ու լայնահուն դարձավ հանրապետությունում պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության ու վերականգնման գործը, բնակչության շրջանում դրանց մասին քարոզչություը, մանավանդ որ վարչության հետ սերտ համագործակցում և ակտիվ գործունեություն էր վարում նաև 1964 թ. ստեղծված Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը:

    1985 թ. վարչությունը վերանվանվեց գլխավոր վարչություն (պետեր՝ Ալեքսան Կիրակոսյան, 1985-1988 թթ., Լավրենտի Բարսեղյան՝ 1988-1991 թթ., Կորյուն Ղաֆադարյան՝ 1991-1998 թթ., Գագիկ Գյուրջյան՝ 1998-2004 թթ.): 1995 թ. օգոստոսի 4-ին գլխավոր վարչությունը լուծարվեց և միացվեց ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը: 2002 թ. վարչությունը վերածվեց պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, որի առաջին պետը դարձավ Գ. Գյուրջյանը (մինչև 2004 թ.): Հետո այդ պաշտոնում միմյանց հաջորդեցին Արտյոմ Գրիգորյանը (2004-2010 թթ.), Սերժ Առաքելյանը (2010-2012 թթ.), Արմեն Աբրոյանը (2012-ից մինչ օրս):

    Այսօր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը նախարարության կազմում գործող օղակ է, որը ՀՀ ամբողջ տարածքում իրականացնում է գործառույթներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառներում:
    Համակարգի ենթակազմակերպություններից են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (որն իրականացնում է հուշարձանների ուսումնասիրության, հաշվառման, վկայագրման, պահպանական գոտիավորման, ցուցակագրման աշխատանքները, կատարում է հնագիտական պեղումներ տարբեր հնավայրերի տարածքներում, հրատարակում է «Հուշարձան» տարեգիրքը (Գ հատորից՝ 2005-ից), հրատարակության է պատրաստում «Հայկական հուշարձանների համահավաք» բազմահատորյակը և այլն) ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը (որը մարզային ծառայությունների միջոցով իրականացնում է հուշարձանների պահպանության գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում):
Տասնամյակների գործունեության արդյունքում հաշվառվել և պետ. պահպանության տակ է վերցվել ավելի քան 24000 հուշարձան: Ամրակայվել, մասնակի կամ ամբողջությամբ վերականգնվել է մոտ 300 հուշարձան, այդ թվում նաև՝ եկեղեցիներ ու վանական համալիրներ (Գնդեվանք, Կեչառիս, Հաղարծին, Հաղպատ, Սևան, Հառիճ, Հայրավանք և այլն): Հատկապես հիշարժան են Գառնիի տաճարի (ճարտ. և աշխ. ղեկ.՝ Ալեքսանդր Սահինյան) և Էրեբունու միջնաբերդի (գիտ ղեկ.՝ Կոստանդին Հովհաննիսյան) վերականգնման աշխատանքները: Վարչությունը կազմակերպել կամ գործուն մասնակցություն է ունեցել հայ ճարտարապետությանն ու արվեստին նվիրված միջազգային և հանրապետական գիտաժողովների, ցուցահանդեսների, հրատարակել է գիտական և հանրամատչելի բազմաթիվ աշխատություններ, ուղեցույցներ, «Հուշարձան» տարեգիրքը (հատոր Ա, 1987, հատոր Բ, 1993): 

    Ավելի մանրամասն տե՛ս Հ. Կարապետյան, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանության նվիրյալները, «Հուշարձան» տարեգիրք, ԺԱ, Երևան, 2016, էջ 149-171, 
հոդվածի հղումն այստեղ՝