Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ գիտության պետական կոմիտեի համատեղ նիստ

Մարտի 16-ին Արցախի գիտական կենտրոնում տեղի է ունեցել գիտխորհրդի հերթական նիստը, որին ներկա էր նաև ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով ներկաներին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրել է, որ ՀՀ գիտության պետական կոմիտեն մշտական կապի մեջ է Արցախի գիտական կենտրոնի հետ, ինչի արդյունքն ակնառու է:

Նախարարը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի դեմս կառույցի նախագահ Սամվել Հարությունյանի և հավելել. «Համագործակցության շրջանակներում Արցախում տասնյակ գիտական թեմաներ են ուսումնասիրվել: Երբ տարեվերջին կենտրոնում ներկայացնում ենք գիտության զարգացման պետական ծրագիրը, քննարկումների արդյունքում հաճախ հնչում են կարծիքներ, թե իբր քիչ ուշադրություն է դարձվում բնագիտական թեմաներին: Այդ թյուր կարծիքն առաջացել է այն պատճառով, որ մենք ամբողջական չենք ներկայացնում այն, ինչ կատարվում է ՀՀ գիտության պետական կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում: Կարծում եմ՝ այդ բացը լրացվում է համագործակցության շնորհիվ, որը հետագայում ավելի արդյունավետ լինելու է»: Նարինե Աղաբալյանի խոսքով՝ կան մի շարք առաջարկություններ և փոփոխություններ, որոնք կքննարկվեն ՀՀ գիտության պետական կոմիտեի անդամների հետ և հետո միայն կներառվեն ԱՀ պետական քաղաքականության ծրագրերում: Հարցերը հիմնականում վերաբերվում են Արցախում գիտության զարգացման խթանմանը, կիրառական արդյունք ապահովելու համար երիտասարդ կադրեր պատրաստելուն, նրանց խրախուսելուն, ինչպես նաև գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելուն:

ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ Արցախի գիտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունն արդեն գրանցել է հաջողություններ: «Գիտության ոլորտում Արցախի հետ մեր համագործակցությունն սկսել ենք 6 տարի առաջ: Համատեղ մի շարք ծրագրեր ենք իրականացրել գիտության ասպարեզում: Արցախից 8 թեկնածու ունենք: Մեզ հաջողվել է ֆինանսավորել գիտական աստիճան ունեցող արցախցի մասնագետներին:

Գիտությունը բաց համակարգ է, և գիտական համագործակցությունը սահմաններ ու ազգություն չի ճանաչում: Մենք պետք է որոշ ժամանակ հետո ինտեգրվենք տնտեսության բոլոր ոլորտներին»,- ասել է Սամվել Հարությունյանը: Նա նաև ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Արցախի գիտական ոլորտում՝մասնավորապես նշելով բազային ֆինանսավորում չունենալը: Ըստ կոմիտեի նախագահի՝ Արցախի գիտական կենտրոնը պետք է մասնակից դառնա ՀՀ գիտության պետական կոմիտեի ծրագրերին:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու ՀՀ գիտության պետական միջև գիտական համագործակցության շրջանակներում տեղի ունեցած նիստին իրենց աշխատանքների ընթացքն են ներկայացրելԱրցախում իրականացվող 7 թեմաների ղեկավարները: