2017-ի Հաշվետվություն

   «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» 2017-ի պետական սուբսիդիան 96 միլիոն 507 հազար դրամ է: Սուբսիդիայի պայմանագրով պարտավորվել է իրականացնել հուշարձանների պահպանման գոտիների լրամշակում, նախագծում, հաշվառում, կադաստրային փաստաթղթերի մշակում և այլն: Կենտրոնի պայմանագրային պարտավորություններից է հուշարձանների տարածքում պեղումների և հետազոտական աշխատանքի իրականացումը: 2017-ին նման աշխատանք է իրականացվել Ոսկեհատի դամբարանադաշտում, Վերին Նավերում, Թագավորանիստում և Աղձքի դամբարանում:

   ՊՈԱԿ-ի տնօրենությանը նախարարի պաշտոնակատար Ամիրյանն առաջարկեց Աղձքում իրականացվող աշխատանքի վերաբերյալ պատրաստել ու ներկայացնել բովանդակային առանձին հաշվետվություն: Իսկ մինչ այդ՝

   «Աղձքում տեղադրեք երեք տեսախցիկ, որոնք նախարարության կայքէջի միջոցով հասանելի կդարձնեն այնտեղ իրականացվող աշխատանքը»,-ասաց Ամիրյանը: Հուշարձանի հանրահռչակման նպատակով նա առաջարկեց ակտիվորեն համագործակցել հեռուստաընկերությունների հետ, օրինակ, համատեղ փաստագրական բազմասերիանոց ֆիլմի նախագիծ առաջարկել Աղձքում իրականացվող պեղումների, հնագիտական արշավախմբի վերաբերյալ:

   Հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարան կազմելու, թվայնացնելու և armonuments.am կայքը ստեղծելու պարտավորությունները Կենտրոնը կատարել է, սակայն կայքի շահագործման հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես, որոնման մատչելիության, կայքի հասանելիության, թարմացման և այլն:

   «Կարգավորե՛ք այս խնդիրները»,-Կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանին ուղղված դիտողության հեղինակը փոխնախարար Արև Սամուելյանն էր:

   Ինչպես վերը նշվեց, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն» իրականացնում է հուշարձանների պահպանման գոտիների լրամշակում, նախագծում, հաշվառում և այլն: Նախարարի խորին համոզմամբ, տարիներ շարունակ իրականացվող ու պետության վրա մեծ գումարներ արժեցող այս գործառույթն իրականացվել է բացթողումներով:

   «Գրեթե բոլոր հուշարձանների պահպանման գոտիները խաթարված են: Դուք մեղավոր եք այնքանով, որ հետամուտ չեք եղել, որպեսզի ձեր աշխատանքն արժևորվի, շոշափելի ու գործնական արդյունք ունենա»,-Կենտրոնի ներկայացուցիչներին ասաց Արմեն Ամիրյանը՝ որպես գիտահետազոտական աշխատանքի գործնական ու շոշափելի արդյունքն ապահովող քայլ ներկայացնելով մշակույթի նախարարության նոր նախաձեռնությունը.

   «Նախարարությունը նախատեսում է իրականացնել մի ծրագիր, որի շնորհիվ ձեր պատրաստած կադաստրային տվյալները տեսանելի կլինեն Կադաստրի պետական կոմիտեի իրավունքի գրանցման մարմնում: ArcGIS միջազգային տեղեկատվական ծրագրի միջոցով մենք կգործենք տեղեկատվական միասնական համակարգում, ինչն անհամեմատ արդյունավետ կդարձնի ընդհանուր աշխատանքը»,- նշեց Արմեն Ամիրյանը:

   ArcGIS-ն ամերիկյան արտադրության տեղեկատվական ծրագիրն ունի հզոր գործիքների հավաքածու, որը թույլ է տալիս իրականացնել աշխարհի տարածական տվյալների հավաքագրում, մշակում, պահպանում և փոխանցում։

   Մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի տեղեկացմամբ, այս ծրագրին միանալու համար նախարարությունն առաջիկայում ձեռք կբերի համապատասխան սարք:

   «Կադաստրային տվյալները ներառում են և՛ քարտեզագրական նյութեր, և՛ տվյալ հուշարձանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Տեղեկատվական միասնական համակարգում ներառված այդ տվյալները հնարավորություն կտան կանոնակարգելու և՛ հողային հարաբերությունները, և՛ տարածքներում կառուցապատման հետ կապված բազմաթիվ խնդիրները: Օրինակ, քաղաքացին ներկայանում է Կադաստրի տարածքային մարմին՝ այս կամ այն տարածքի նկատմամբ իր իրավունքը գրանցելու խնդրանքով: Եթե մատնանշած տարածքը գտնվում է հուշարձանի պահպանության գոտում, համակարգչային ծրագրում անմիջապես կարմիր լույս է վառվում: Տեսնելով, որ գործ ունի հուշարձանի տարածքի հետ, կադաստրի մարմինը, բնականաբար, շատ ավելի զգուշավոր կլինի: Այդ տեղեկատվությունը կունենա նաև մշակույթի նախարարությունը՝ դաշտը կարգավորելու ավելի մեծ հնարավորությամբ»,-պարզաբանեց Արմեն Աբրոյանը: