Աղցքի Արքայական Դամբարաններ

Աղցքի արքայական դամբարանը, որպես միջնադարի վաղագույն կառույց, իր վրա է բևեռել մի շարք նշանավոր հայագետների` Թորոս Թորամանյանի, Նիկոլայ Տոկարսկու, Բաբկեն Առաքելյանի, Ալեքսանդր Սահինյանի, Մուրադ Հասրաթյանի և այլոց ուշադրությունը: Սակայն մինչ այժմ բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունը, և կամ, նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Այս խնդիրները կարող ենք լուծել միայն հուշարձանի պահպանված հատվածի պեղումների և դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների համապարփակ ուսումնասիրման արդյունքում: Բացառիկ կարևոր էին 2017 թ. պեղումների շնորհիվ բացահատված վաղ միջնադարյան գերեզմանոցը՝ մեսրոպատառ հնագույն արձանագիր տապանաքարերով և շուրջ 450 ք.մ մակերեով կոթողային շինությունը, թերևս պալատը, որի ստորին շերտերի պեղումներն անհրաժեշտ է իրականացնել 2018 թ.: