Վերին Նավեր

   Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը 2017 թ. Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ շարունակել է Վերին Նավեր դամբարանադաշտի կենտրոնական հատվածի վտանգված դամբարանների ուսումնասիրությունը: Խիստ կարևոր է N 96 դամբարանը, որը պարունակում է միջին բրոնզի դարի եզրափակիչ փուլի ուշագրավ համալիր, որտեղ անկում ապրող կարմիրբերդյան մշակույթի գունազարդ անոթների հետ միասին հայտնաբերվել է ուշ բրոնզի դարի վաղ փուլի սև փայլեցված քրեղան: Վերջինս աղերսվում է Վերին Նավերի ուշ բրոնզի վերնախավի դամբարաններից հայտնաբերված կավանոթների ձևերին: Ուշագրավ է բջջազարդ զարդանախշը, որն արտացոլված է ինչպես վաղ փուլի, այնպես էլ Վերին Նավերի Ք.ա. 1610-1550 թթ. թվագրվող I-B դամբարանի գտածոների հետ: Այս դիտարկումը կարևոր է Հայաստանի միջին և ուշ բրոնզի դարերի մշակույթների սահուն, առանց լուրջ ցնցումների զարգացման խնդիրը հիմնավորելու համար, քանզի առ այսօր շրջանառվում են այս մշակույթների կտրուկ անցման մասին տեսությունները: