ՊՈԱԿ-ի պատմամշակութային գտածոների վերականգնման լաբորատորիան

<<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիան ստեղծվել է 2003 թ.: Այն զբաղվում է տարբեր դարաշրջանների հուշարձանների պեղումներից հայտնաբերված գտածոների պահպանման ու վերականգնման խնդիրներով:

Վերականգնող մասնագետներն աշխատում են բազմազան նյութերի հետ` մետաղ, խեցեղեն, ապակի, քար, ոսկոր և այլն: Լաբորատորիան բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացված է որոշակի նյութից պատրաստված գտածոների վերականգնման գործում:

Լաբորատորիայի աշխատակիցները մասնակցում են միջազգային գիտաժողովների, կազմակեպում վերապատրաստման դասընթացներ՝ համագործակցելով Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի համալսարանների, գիտահետազոտական և վերականգնման լաբորատորիաների հետ: 

Բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ հնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ օտարերկրյա մի շարք պետություններից՝ Իրան, Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն, մեր լաբորատորիայում վերապատրաստվում և ծանոթանում են գտածոների վերականգնման սկզբունքներին և գործնական աշխատանքներին: 

Կենտրոնը մասնագիտական համագործակցության մեջ է Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի առաջատար մասնագետների հետ։

Վերականգնման լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք գործի դնելով իրենց հմտությունն ու տարիների փորձը՝ կարողանում են ամենաքայքայված իրն անգամ ամբողջացնել՝ չխաթարելով դրա բնականոն հնագիտական տեսքն ու նշանակությունը: 

Մասնագետների բարեխիղճ և գիտական մոտեցումն աշխատանքին ու հնագիտությանը արտահայտվում է յուրքանչյուր վերականգնված գտածոյով: 

Վերականգնման աշխատանքը թեև հետաքրքիր, սակայն բարդ, և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Այնուամենայնիվ, մեր մասնագետները կարողանում են սահմանափակ ժամկետներում վերականգնել և հասարակությանը հասանելի դարձնել հայկական հարուստ ու բազմազան մշակույթի այս իրեղեն ապացույցները: