Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցի

Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցին գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Կենսինգտոն թաղամասում (St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK)։
Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը։ Եկեղեցին կառուցվել է 1922-1923 թթ.։ Ճարտարապետներն են Արթուր Դեվիսը և Չարլզ Մյուեսին։
Կառուցված է Պորթլենդից բերված քարով։
1937 թ. եկեղեցու հս մասում ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ ամ կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թ. հվ-աե մասում խորան է ավելացվել։
Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։
Եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի վրա մակագրված է.
<<ՍՈւՐԲ /ԷՋՄԻԱԾԻՆ/ ՌՆ Ի ՅՈւՇԱՐՁԱՆ /ԱՊՐԻԼԵԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՑ/ ՎԱՍՆ ՀԱՅԻԱՏՈՅ/ ՀԱՅՐԵՆԵԱՑ>>։