Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Հնագիտական գտածոների վերականգնում

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի
հնագիտական գտածոների վերականգնման բաժին

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժինը կազմավորվել է 2002 թվականին։ Պատմամշակութային շարժական հուշարձանների վերականգնման, ամրակայման և պահպանության ոլորտում իր նյութատեխնիկական, մասնագիտական, հետազոտական հնարավորություններով, կատարվող աշխատանքների ծավալով այն Հայաստանի Հանրապետության առաջատար, բազմակողմանի գործունեություն իրականացնող կենտրոններից է։
Հնագիտական գտածոների վերականգնման աշխատանքներում ի սկզբանե ներգրավված է եղել երեք մասնագետ: Այսօր աշխատում է շուրջ 10 վերականգնող-կոնսերվատոր, ովքեր պարբերաբար մասնակցում են միջազգային սեմինարների, վերապատրաստման դասընթացների, հայաստանյան և արտասահմանցի գործընկերների հետ փորձի փոխանակման ծրագրերի՝ յուրացնելով հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում մշակված նոր մեթոդներ, հմտություններ, ծանոթանալով ժամանակակից նյութերին ու սարքավորումներին:
Բաժանմունքի աշխատակիցները գլխավորապես իրականացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախմբերի հայտնաբերած գտածոների՝ խեցեղեն, ապակյա, հնագիտական նոր և թանկարժեք մետաղի, քարից, փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված իրերի ուսումնասիրություն, վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Բուն վերականգնման աշխատանքներին զուգահեռ՝ կատարվում են նաև ֆոնդապահոցներում պահպանվող առարկաների վիճակի վերահսկողություն, մշտադիտարկում: Ձեռնարկվում են պահպանության պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ, համակարգվում են գիտահետազոտական կենտրոնի և այլ հաստատությունների կողմից կազմակերպվող ցուցահանդեսների նախապատրաստական՝ ցուցանմուշների պահպանվածության վիճակի գնահատման, պրոֆիլակտիկ մաքրման կամ ամրակայման, փաթեթավորման, տեղափոխության գործընթացները:
Բաժնի մասնագետների աշխատանքի կարևոր մասն է կազմում ինչպես փորձարարական, գիտամեթոդական, այնպես էլ՝ ուսումնակրթական գործունեությունը։ Վերականգնող-կոնսերվատորները աշխատանքներ են ծավալում մասնագիտական խնդիրների նոր լուծումների, նյութերի և տեխնոլոգիաների որոնման, դրանց տեղայնացման ուղղությամբ: Մշակվում են ծրագրեր՝ մասնագիտական ուսումնամեթոդական նյութերի հավաքագրման ու կազմման ուղղությամբ: Իրականացվում և կազմակերպվում են բնագավառով հետաքրքրվող ուսանողների, երիտասարդ մասնագետների վերապատրաստումներ, պրակտիկաներ, ճանաչողական դասընթացներ, ամառային դպրոցներ: Լաբորատորիայի աշխատանքներում ներգրավվում են կամավորներ թե´ Հայաստանից, թե´ արտասահմանից (ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իրան և այլն):
Իր գործունեության ընթացքում հնագիտական գտածոների վերականգնման բաժինը համագործակցել և շարունակաբար զարգացնում է գործընկերային հարաբերությունները արտասահմանյան հայտնի հաստատությունների վերականգնման և ամրակայման կենտրոնների ու բաժինների հետ, ինչպիսիք են Պետական Էրմիտաժը (ՌԴ), Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը (ՌԴ), Վերականգնման գիտահետազոտական պետական ինստիտուտը (ՌԴ), Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը (Ֆրանսիա), Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտը (Ճապոնիա), Սագա համալսարանի արվեստի և տարածաշրջանային դիզայնի ֆակուլտետը (Ճապոնիա) և այլն: