Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2022 թ․ գիտահետազոտական կենտրոնը հայաստանյան տարբեր թանգարանների հետ համագործակցությամբ կազմակերպել կամ մասնակցել է 5 ցուցադրության։ Մայիսի 21-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ բացվեց «Հողի գաղտնիքը․ Կարմիր բլուր» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որին ներկայացված էին նշանավոր Կարմիր բլուր հնավայրում 2013-2016 թթ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականացրած պեղումներից (արշավախմբի ղեկավար՝ Հակոբ Սիմոնյան) հայտնաբերված հարյուրավոր գտածոներից մի փոքրիկ ընտրանի։
2013-2016 թթ․ պեղվել է ավելի քան 250 դամբարան, որոնցից հայտնաբերված նյութերը վերաբերում են նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական շրջափուլերին՝ արտացոլելով մեր նախնյաց կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին, հավատալիքներին և ծիսական պատկերացումներին բնորոշ տարրեր։
Ցուցադրության բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևան քաղաքի ավագանու անդամներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, նախարարության աշխատակիցներ և այլ հյուրեր։
Բացման իրենց խոսքերում «Էրեբունի» թանգարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեններ Միքայել Բադալյանն ու Խաչիկ Հարությունյանն ընդգծեցին առաջիկա համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և վերահաստատեցին, որ ցուցադրությունը ևս մեկ կարևոր քայլ է Կարմիր բլուրի նման հետաքրքիր և կարևոր հուշարձանի հանրահռչակման ուղղությամբ։