Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Մայիսի 13-14-ը Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում անցկացվեց «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պատշպանության կոնվենցիա»-ի (Հաագա, 1954) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ Համաժողովին մասնկացում էին տասնյակ երկրների 100-ավոր պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։
Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանի։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021-2023 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հաջողությամբ և բարձր մակարդակով իրականացրած «Համաշխարհային ժառանգության կառավարումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ հարվեր էր ստացել համաժողովի գլխավոր դահլիճի հարակից սրահում միջազգային նշանավոր կազմակերպությունների (ԻԿՕՄՕՍ, ԻԿՌՕՄ, ԻԿՕՆԵՄ, ԱԼԻՖ, Կապույտ վահան, Հոնկոնգի համալսարան) կողքին ունենալու իր առանձին տաղավարը, որտեղ երեք օր շարունակ ներկայացվել է գիտահետազոտական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ծրագիրը, հուշարձանների թվայնացման, եռաչափ մոդելավորման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով իրականացրած հետազոտական մյուս աշխատանքները, կրթական ծրագրերը և այլ նախագծեր։ Գիտահետազոտական կենտրոնի տաղավար են այցելել տարբեր երկրների պատվիրակներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպաններ, միջազգային հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսի հետ ձեռք են բերվել առաջիկայում համատեղ նախագծեր իրականացնելու պայմանավորվածություններ։
Հայկական տաղավարում ներկայացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԱԳ նախարարության և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ իրականացված իրաքյան Էրբիլ քաղաքի ձեռագրական կենտրոնի ձեռագրերի թվայնացման և վերականգնման նախագիծը, որի արդյունքում Մատենդարանի աշխատակցները փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներ են վարել Էրբիլի կենտրոնի աշխատակիցների համար։
Համաժողովի ընթացքում, ի թիվս տարբեր հարցերի, քննարկվել են նաև զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության համար իրավական նոր մեխանիզմների անհրաժեշտությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նորագույն սարքավորումների դերն այդ գործում։ Այս համատեքստում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկաներին հիշեցրել է ԼՂ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, բռնայուրացման դեպքերը, ինչպես նաև կարևորել հնարավոր նոր մեխանիզմների անհրաժեշտությունը ԼՂ-ում հայկական (իմա՛ համամարդկային) ժառանգության մշտադիտարկման և պահպանության ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցում է 2021 թ․ սկսած։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկի երկամյա մի նոր նախագիծ, որի մասին լրացուցիչ կհայտնենք։