Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2022 թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պեղումներ և հնագիտական հետազոտություններ կատարվեցին միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ Լոռե բերդաքաղաքի տարածքում:
Աշխատանքներն իրականացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության առանձին դրամաշնորհով, վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի կողմից (արշավախմբի ղեկավարԱրման Նալբանդյան, հնագետ Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):
Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղվեցին պարսպին ներսից հարող մոտ 60 մ երկարությամբ տարածքը, պարսպապատի «գագաթը», Առաջին և Երկրորդ բաղնիքները, հետազոտվեցին եկեղեցին, մատուռ-դամբարանը, ինչպես նաև հետախուզական աշխատանքներ կատարվեցին ամրոցի ներքին տարածքում և պարիսպներից դուրս:
Աշխատանքները տվեցին զգալի արդյունքներ ճարտարապետության տեսանկյունից, քանի որ բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները ոչ միայն կօգնեն չափագրման աշխատանքներին, այլև դրանք կարևոր են վերականգնման նախագծերն ավելի ամբողջական և լիարժեք կատարելու համար:
Հնագիտական գտածոների առումով աշխատանքները նույնպես արդյունավետ էին: Անկախ այն հանգամանքից, որ հնագիտական շերտերը հիմնականում խառնված էին, դեռևս պահպանվել էին անխաթար որոշ հատվածներ (օրինակ՝ 11-13-րդ դդ. շերտերը), որոնցից հայտնաբերվեցին նշանակալի առարկաներ։
Հատկապես ուշագրավ են ջնարակված և քանդակազարդ շքաղյուսների հավաքածուն և թռչունների, բուսական ու երկրաչափական պատկերներով թասերը: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել Առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը (փիղ, որը հավանաբար խաղաքար է եղել) և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը: