Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2024 թ․ հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարավային և արևելյան պարսպապատերին կցակառուցված հատվածների մաքրման աշխատանքներ և մասնակի պեղումներ։
Կցակառույցի սենյակներից մեկի անկյունում պահպանվել են կրասվաղ հատակի և պատի ծեփոնի մնացորդներ։
Հայտնաբերվել են ելուստ գոտիներով հարդարված կարասների, տարբեր տարա֊պահեստարանների, կճուճների ու թասերի բեկորներ, կարմիր փայլեցումով, նրբիրան անոթների կտորներ։ Առանձնանում է կապտափիրուզավուն միագույն ջնարակով պատված ձիթաճրագի հատակամասը։
«Տափի բերդ» (10-րդ դ․) ամրոցում ընթացող պեղումներն է մանրամասնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։
Տեսանյութը` Սպուտնիկ Արմենիայի։