Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ (հնագետ՝ Դիանա Միրիջանյան) ս․թ․ փետրվարի 14-ից պեղումներ իրականացրեց նորահայտ հուշարձանի տարածքում։
Հետազոտությունները ցույց տվեցին, որ կիսավեր և գանձագողության զոհ դարձած հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։
Տարածքում առկա են խաչքարերի բեկորներ և որմնախաչեր։ Առանձնակի ուշադրության է արժանի խցերից մեկի մուտքի մոտ գտնվող քառակող կոթողի պատկերաքանդակներով պատվանդանը։ Մյուս խցի ներսում պահպանված էին երկու սարկոֆագային թաղումներ, որոնց պեղումներն իրականացվեց հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի մասնակցությամբ։
Պեղումների արդյունքում ի հայտ եկան վաղմիջնադարյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ, (որոնց մեջ բավականին ուշագրավ նմուշներ՝ խփեր, ճրագներ, գավաթներ․․․), մետաղե առարկաներ և այլն։
Նորահայտ դամբարանի ուսումնասիրությունները դեռևս ավարտված չեն։