Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հուշահամալիրը նվիրված է Մեծ Եղեռնին, Ապարանի հերոսամարտին և Մեծ Հայրենականում զոհված մարտիկներին։
Գտնվում է Արագածոտնի մարզում, Ապարան քաղաքից 1,5 կմ ամ, բլրի վրա, Ապարանից Սպիտակ տանող խճուղու ձախակողմյան եզրին:
Հուշարձանը կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, 1974-1979 թթ., նրա որդու՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի, քարագործ վարպետներ Հայկ Հովհաննիսյանի, Աղաբեկ Պապիկյանի և այլոց ջանքերով:
Հուշահամալիրի դարձերեսին վիմագրված է. «ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»: Հակառակ՝ աե կողմից, հուշարձանը եռախորան հորինվածք ունի՝ յուրաքանչյուրի առջև կանգնեցված հուշասյուններով: Առաջինի վրա վիմագրված է. «ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ», որի ներքևի մասում բուսական զարդամոտիվներով քանդակներ են, խոնարհված տերևներ և նրանցից մեկի վրա՝ գլուխը ցած խոնարհած աղավնի: Երկրորդ հուշասյան վրա, որ թրակերպ է, վիմագրված է «ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ», իսկ երրորդի վրա՝ «1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ»: Այս հուշասյան վերնամասի կենտրոնում կլոր շրջանակի մեջ բուսական ու երկրաչափական զարդանախշեր են արված:
Կոթողի ձախակողմյան վերջավորությունում արձանագրված է. «ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՈՎ՝ 1974-1979»:
Հուշահամալիրը սև տուֆից է, շուրջը՝ բազալտե սալիկներով սալարկված:
2000 թ․ մայիսի 28-ին «Վերածնունդ» հուշահամալիրի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Գերեզմանն ունի բազալտե բրգի տեսք։