Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Հուշարձանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում (Քանդ.՝ Հովհ. Հովհաննիսյան, Ռ. Եկմալյան): Սրբատաշ բազալտից է։
Համալիրի կենտրոնում վեր է խոյանում քառակող հուշասյունը, որի ճակատը մշակված է ուղղաձիգ ալիքներով: Հուշասյան աջ կողմում հուշապատն է, որի վրա պատկերված են զինվորի և վիրավոր մարդու, ինչպես նաև՝ սուր ու վահանի հարթաքանդակներ: Հուշապատը ներքևում լրացված է ծաղկագոտով և ծաղկաքանդակով: Հուշասյան ձախ կողմում՝ անհայտ զինվորի գերեզմանի մոտ, ծնկի եկած կնոջ ալյումինե արձանն է:
Հուշապատի աջ կողմում փորագրված է՝ «Հավերժ փառք հայրենիքի համար զոհված մարտիկներին. 1941-1945 թթ.», իսկ հս ճակատին՝ «Հուշարձանը կառուցված է 1967 թ.՝ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 50-ամյակին»: