Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Սեպտեմբերի 8-11-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում անցկացվեց «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը Ֆրանսիայում և դրա պահպանումը կայուն զարգացման տեսանկյունից» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթացը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացը նախատեսված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար։
Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձը, ինչպես նաև կայուն զարգացման համատեքստում դրա պահպանության, կենսունակության ապահովման և փոխանցման ժամանակակից մոտեցումները։
Դասընթացը վարում էին Ֆրանսիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի առաջատար մասնագետներ Քիարա Բորտոլոտտոն և Լիլի Մարտինեն։
Դասընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքված Գործընկերության պայմանագրի շրջանակում։
Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր համայնքները ներկայացնող՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ՝ մարզպետարանների և համայնքապետարանների մշակույթի բաժինների, թանգարանների, գրադարանների և մշակույթի կենտրոնների աշխատակիցներ, ժողովրդական ստեղծագործության մասնագետներ ու վարպետներ։
Սեպտեմբերի 10-ին մասնակիցներին հյուրընկալեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները, այդ թվում՝ մշակույթի և ժառանգության հարցերի ծրագրերի պատասխանատու Ֆաթմա Կեբեն։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց բնակավայրերը՝ անդրադառնալով դրանց ոչ նյութական մշակութային ժառանգության առանձնահատկություններին, պահպանվող ավանդույթներին և մշակութային արժեքներին։
Քննարկվեց նաև հետագա վերապատրաստման դասընթացների անցկացման նպատակով ՀՀ մարզերը որպես հարթակ ներգրավելու առաջարկը։ Այն հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքն ու փորձը հասանելի դարձնել նաև մարզերում գործող ոլորտի ներկայացուցիչներին։
Դասընթացի ավարտին դասընթացավարներին և մասնակիցներին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։
Վերապատրաստումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մասնագիտական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և նոր մոտեցումների տարածման ուղղությամբ։




