Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Մայր Հայաստան հուշահամալիր

Հուշահամալիրը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը1950 թ. նոյեմբերի 29-ին։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մ պղնձե կոփածո արձանը։ 1961 թ. Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո, 1967 թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը, որի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942 թ.)։ Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մ է, քանդակինը 22 մ, սրինը11 մ։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է։ Կառուցված է սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։ Պատվանդանի ներսում շուրջ 3000 մ² տարածությունում, 1970 թ., ի նշանավորումն Հաղթանակի 25-ամյակի բացվել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը։ 1995 թ. այն վերանվանվել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։
Հուշահամալիրի մաս են կազմում նաև «Անհայտ զինվորի գերեզմանը»՝ բազալտից, փայլեցված գրանիտից և վարդագույն տուֆից, հավերժական կրակով՝ ի հիշատակ 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, դեպի այն տանող «Հերոսների պուրակը», ինչպես նաև մարշալ Բաղրամյանին և ռուս սահմանապահներին նվիրված ծառուղիները։
Հավերժական կրակի առանցքով, վերին հարթակը պահող կոթողի մոտ դրված գրանիտե սալի վրա մակագրված. «Անունը քո անհայտ է, հերոսությունը՝ անմահ»։
1985 թ. մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակին տեղի ունեցավ Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան) հանդիսավոր բացումը (ճարտարապետներ` Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան)։