Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2024 թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։
Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ․ թվագրվող եկեղեցին։ Պատմական վավերագրերում գյուղի տարածքում հիշատակվում է երեք եկեղեցի, որոնցից մեկը՝ բազիլիկ։ Ցավոք, ներկայում պահպանվել են միայն որոշ հետքեր, մինչդեռ ինչպես փաստում են ուսումնասիրությունները (Հնությունների պահպ. Կոմիտե, հնագետ Հ. Եղիազարյան), 1946-1947 թթ․ դեռևս պահպանված են եղել հս պատի աե ծայրի ստորին քարաշարը (2 մ երկ.) և կից աե պատի ծայրամասի ստորին քարաշարը (1,5 մ երկ.)։ Պահպանված հատվածները շարված են եղել կարմիր տուֆի սրբատաշ մեծ քարերով՝ կրաշաղախով։ Եկեղեցու առանձին բեկորներ դրված են եղել շրջակա տների պատերի և ցանկապատերի մեջ։
Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցել են Կամսարական իշխանները։
Փորձագիտական նիստին հուշարձանը և նրան առնչվող մանրամասները ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Արմեն Ասատրյանը։