Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Քոբայրավանքը (12-րդ դ.) միջնադարյան Հայաստանում հոգևոր, մշակութային, գրչության ամենակարևոր կենտրոններից մեկն էր։ Այն հիմնվել է Բագրատունյաց թագավորության Կյուրիկյան իշխանության շնորհիվ։
Գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին:
Տեղանքը դժվարամատչելի է. հուշահամալիրը գտնվում է ժայռի վրա։ Տարածքում առկա են պարիսպներ, մատուռներ, եկեղեցիներ, քաղաքացիական շինություններ, սեղանատուն:
Մեծ եկեղեցին (12-րդ դարի վերջ) գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան մասումժայռերի միջանկյալ հարթակներից մեկի վրա, որտեղից անմիջականորեն սկսվում է անդունդը։ Կիսավեր վիճակում է. պահպանվել են խորանը գմբեթազարդի կես բարձրությամբ, հյուսիսային և արևմտյան պատերը, հարավայինի ստորին երկու շարքը։ Պատերը բազալտից ենարտաքուստ և ներսի ստորին մասերում սրբատաշ, իսկ մնացած տեղերումկիսամաքրատաշ, ներքուստ՝ սվաղված և որմնանկարներով պատած։ Վերջիններիս մնացորդները պահպանվել են խորանի վրա և բեմի հյուսիսային պատին։ Մեծ եկեղեցու արևելյան կողմում անմիջականորեն ժայռի եզրին կիսավեր վիճակում գտնվում է միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին։ Կիսագլանաձև թաղը եզրային մասերում ուժեղացված է եղել թաղակիր կամարներով։ Մուտքն արևմուտքից է եզերված կիսաշրջանագծային պսակով, որի հորիզոնական թևերը նստում են հնաոճ, միմյանցից տարբեր պարզ տրամատ ունեցող պատուհանների վրա։ Մուտքից բարձր գտնվում է փոքր կլոր պատուհան եզերված շերտավոր զարդանախշեր ունեցող օղակներով։ Ավելի վերևում պատկերված է շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ։ Եկեղեցու պատերին կան մեծ թվով հայերեն արձանագրություններ: Մուտքի բարավորի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից` 1171 թ.։
Մարիամաշեն եկեղեցու հարավային պատին հետագայում կցվել է սրբատաշ խոշոր քարերով կառուցված մատուռ, որն իր կառուցվածքային ոճով, քարերի մշակվածությամբ ավելի մոտ է մյուս հուշարձաններին։
Մեծ եկեղեցուց մոտ 10 մ դեպի արևմուտք եղել է ևս մի մատուռ, որից պահպանվել են միայն կոպտատաշ բազալտից իրականացված արևելյան թևի ստորին շարքերը։
Ժամանակ առ ժամանակ հուշարձանը վերանորոգվել է։ Այժմ էլ ընթանում են վերականգնման աշխատանքներ։
Մանրամասները տեսանյութում՝
https://youtu.be/9iRu-8-gnWg?si=0Rt1rDJezwMC6tJD
