Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ս.թ. մարտի 13-15-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար շարունակական դասընթացների ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Հուշարձանների վերականգնման, ամրակայման և գնահատման մեթոդներ» խորագրով գիտագործնական եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։
Դասընթացին մասնակցեցին վերականգնող մասնագետներ, ճարտարապետներ և ուսանողներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Եռօրյա դասերի ընթացքում ներկայացվեց ճարտարապետական քարե հուշարձանների և քանդակների ուսումնասիրության, պահպանության, ամրակայման և վերականգնման ոլորտում ֆրանսիական փորձը, դիտարկվեցին պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված նախագծերի իրականացման և կառավարման մասնավոր դեպքեր, քննարկվեցին տարբեր քարերի, մասնավորապես՝ կրաքարի, մարմարի, տուֆի, բազալտի հատկությունները, քայքայման տեսակները և պատճառները, դրանց գնահատման, վերլուծության, մշակման և ամրակայման մեթոդները։
Դասընթացի շրջանակում մասնակիցներն այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և Աղցքի արքայական դամբարանի տարածք՝ հնարավորություն ունենալով տեղում ծանոթանալու հուշարձանների պահպանության տարաբնույթ խնդիրներին:
Դասընթացը վարում էին պատմական հուշարձանների ամրակայման և վերականգնման մասնագետ Անն Էմբսը, վերականգնող-կոնսերվատոր Օլիվիե Ռոլլանը, ճարտարապետ-վերականգնող Ֆրեդերիկ Մարտորելլոն: