Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հայկական լեռնաշխարհում խեցեղեն առարկաների արտադրությունը սկսվել է վաղագույն ժամանակներից։ Հնագիտական տվյալները փաստում են, որ մեզանում խեցեգործության ավանդույթը ձգվում է հազարամյակների խորքը։ Ընդ որում, ինչպես երևում է գտածոներից, տարբեր շրջափուլերում և պայմաններում եղել են պատրաստման զանազան եղանակներ: Դրանց հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես հումքի մշակման, անոթների ձևավորման և թրծման հնագույն տեխնոլոգիաները, այնպես էլ՝ վերհանելու այն փուլերը, որոնցով անցել է հայկական խեցեգործությունը։ Ի թիվս այլ գիտակարգերի՝ հուշարձանների ամրակայման և վերականգնման համեմատաբար նոր և վերջին տարիներին զարգացում ապրող կոնսերվացիայի գիտությունը բացում է մեծ հնարավորություններ մշակութային ժառանգության այս բնագավառի ուսումնասիրության ասպարեզում: Այն թույլ է տալիս յուրատեսակ դիտանկյունից բացահայտել ժողովրդի կենցաղը, նրա ստեղծարարությունը, գեղեցիկի մասին պատկերացումները և ժամանակաշրջանի ոճը։
ՀՀ թանգարանների հավաքածուներում պահպանվող բազմատիպ խեցեղեն իրերի մեծ ծավալը (կավից պատրաստված հասարակ առարկաներ, ջնարակապատ անոթներ, հախճապակե, ճենապակե և տարբեր կիրառություն և նշանակություն ունեցեղ այլ իրեր), և ամեն տարի հնագիտական պեղումների արդյունքում ավելացող նորանոր նյութերը տարբեր մշակութային, գիտահետազոտական հաստատությունների վերականգնման բաժիններում տասնամյակներ շարունակ ուսումնասիրության ու տարաբնույթ վերականգնողական միջամտությունների են ենթարկվում։ Այսօր խիստ այժմեական է այդ աշխատանքների ամփոփումն ու պատշաճ, արդի մեթոդաբանությամբ ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման շարունակականության ապահովումը։ Հաշվի առնելով այն, որ մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող նմանատիպ՝ խեցեգործությանն ու խեցեղեն նյութին վերաբերող նեղ ոլորտային, սակայն մասնագիտական լայն շրջանակ ընդգրկող հանդիպումներ չեն իրականացվել՝ գիտաժողովը հնարավորություն կտա ի մի բերելու և ներկայացնելու մինչ օրս իրականացված աշխատանքները, գնահատելու ընդունված հետազոտական, աշխատանքային սկզբունքները, բարձրացնելու և քննարկելու հայկական խեցեգործական իրերի ուսումնասիրությանը, ամրակայմանն ու վերականգնմանը վերաբերող և մասնագետներին հուզող հարցերը, ոլորտի առջև ծառացած խնդիրները: Կհամադրվեն տարբեր՝ ավանդական և նոր՝ հաճախ միմյանցից բավական տարբերվող աշխատանքային մոտեցումները, նյութերը և տեխնոլոգիաները: Այս ամենն իր հերթին հիմնարար քայլ կլինի Հայաստանում մշակութային արժեքների վերականգնման և ամրակայման ոլորտը իբրև առանձին գիտակարգ ամրապնդելու ուղղությամբ։ Այն մի կողմից հայագիտության լիարժեք ճյուղ է, որն ունի միջգիտակարգային կապեր և հիմք է հանդիսանում հնագիտական, ճարտարագիտական, արվեստաբանական և այլ ուսումնասիրությունների համար, իսկ մյուս կողմից՝ լիարժեք մաս է կազմում ընդհանրապես վերականգնման գիտության։
Կարևոր է նաև այն, որ ներկայացվող զեկուցումները կրելու են միջգիտակարգային բնույթ՝ հաճախ զուգակցվելով հնագիտության, բնական գիտությունների, ինչպես նաև արդի տեխնոլոգիական նվաճումների տվյալներով։ Տրվելու են պատասխաններ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպես և ինչ եղանակով են ստեղծվել խեցեղեն առարակաները հին և միջնադարյան Հայաստանում, ինչ գիտելիքներ են ունեցել խեցեգործները, ինչպես են նախկինում վերականգնվել վնասված խեցեղեն իրերը, ինչ աշխատանքներ են իրականացվում այսօր և այլն։
Ակնկալվում է, որ գիտաժողովին կմասնակցեն հետազոտողներ և վերականգնող-կոնսերվատորներ ՀՀ գիտահետազոտական, ուսումնական, թանգարանային և այլ մշակութային հաստատություններից: Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ խեցեղեն նյութի ուսումնասիրությանն ու պահպանությանն առնչվող հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումներ, այցելություն արդի խեցեգործական արհեստանոց: Իրականացված քննարկումների ու փորձի փոխանակման արդյունքում կձևավորվեն մասնագիտական տարբեր խնդիրների շուրջ ընդհանրական մոտեցումներ, մասնագետների միջև գործնական բնույթի համագործակցային կապեր։ Դրանք կնպաստեն համատեղ հետազոտական հիմքերի նախապատրաստմանը, կավելանան մասնագետների կողմից գիտահետազոտական բնույթի գործունեության ծավալները՝ հնարավորություն տալով նրանց հանդես գալու միջազգայնորեն ընդունելի հրապարակումներով, հոդվածներով՝ քննարկման առարկա դարձնելով նաև ՀՀ-ում պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրականացվող վերականգնողական միջամտությունները, դրանց մեթոդաբանությունը, սկզբունքները։