Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Արագածոտնի մարզի Ապարան գյուղից յոթ կմ հյուսիս գտնվում է Միրաք գյուղը: Միրաք և Մելիք գյուղերի միջակայքում, «Հալավարի» ջրամբարի հյուսիսային ափին, երկու թալանված դամբարաններում իրականացվեցին հնագիտական փրկարարական պեղումներ (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան):
Դամբարաններից առաջինը բազմաշերտ է, թվագրվում է վաղ բրոնզի ժամանակաշրջանով: Երկաթեդարյան ժամանակաշրջանում ենթարկվել է երկրորդային օգտագործման: Պեղումների ընթացքում այստեղից գտնվեցին ձիու, ցլի, ոչխարի ամբողջական մեծաքանակ ոսկրեր և ավելի քան 300 մանր ուլունքներ:
Երկրորդ դամբարանի ծածկասալի տակ 30-35 սմ դատարկ տարածություն էր, որից ներքև երևացին 40 սմ հզորությամբ սպիտակ կրային հետքեր: Դամբարանի հյուսիսային հատվածում, պատին կից, գտնվեցին նախադաստակի ոսկրի մնացորդ՝ զույգ ապարանջանով, սպիտակ խաղաքարեր հիշեցնող և տարբեր քանակ ցույց տվող ակոսներով (երեքից մինչև ութը) շրջանաձև առարկաներ, իսկ արևմտյան հատվածում՝ մեկ շարքով, 5 կավանոթ՝ երեք քրեղան, երկու սափոր: