Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նոր համագործակցության մեկնարկ 1954 թ․ Կոնվենցիայի շրջանակներում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 14-ին հաստատվեց «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը առաջիկայում նշյալ կոնվենցիայի հովանու ներքո առնելու նպատակով համապատասխան հայտ պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու Հայաստանի Հանրապետության հայտադիմումը։
Հայտադիմումը պատրաստել և ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո ընթացիկ տարվա գարնանը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացրել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը ներկայացրել է գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է։
«Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը 1995 թ․ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հաստատված դրամաշնորհը միաժամանակ կստեղծի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ հուշարձանախումբը հիմնական ցանկ տանելու ուղղությամբ, որը ևս առաջիկա ծրագրերում է։