Ժվանեցի հայկական հուշարձանները

Ժվանեց քաղաքը գտնվում է Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկի տարածաշրջանում՝ Կամենեց-Պոդոլսկից շուրջ 24 կմ հարավ-արևմուտք։ Այն Դնեստր գետի ափին գտնվող գեղատեսիլ փոքրիկ բնակավայր է։
Հայերը Ժվանեց են եկել Մոլդովայից և Վալախիայից XVII դարի 70-ական թվականներին։ Այդ շրջանում այստեղ բնակվել է շուրջ 100 հայ ընտանիք։ 1768 թ. թուրքական արշավանքի հետևանքով հայերը հեռացել են դեպի Կամենեց-Պոդոլսկ։ XVIII դարի վերջին, երբ տարածքն ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում, Ժվանեցում մնացել էր ընդամենը 28 հայ (Վարդանյան, էջ 60)։
Ժվանեցում հայկական վիմագրեր չեն պահպանվել։ Չի պահպանվել նաև հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը։
Ժվանեցի հայկական հուշարձաններից հիշատակվում են՝
1. Հին փայտաշեն եկեղեցին։
2. Նոր քարաշեն եկեղեցին՝ կառուցված XVIII դարում։
Ժվանեցի հայ համայնքն ի սկզբանե ունեցել է փայտաշեն եկեղեցի, որի փոխարեն XVIII դարի սկզբին կառուցվել է քարաշեն եկեղեցի։ Շինարարությունը ղեկավարել է տեղի հոգևորական Գրիգոր Հանկևիչը, որն էլ հետագայում թաղվել է եկեղեցում։
Հայր Մինաս Բժշկեանցը եկեղեցու մասին գրում է. «Եկեղեցին Հայոց է գեղեցիկ և չափաւոր մեծ և բարձր կառուցեալ ի ձև յոնիական, ունի 6 խորանս» (Բժշկեանց, էջ 210–211)։
1768 թ. թուրքական արշավանքի հետևանքով էապես վնասված եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1791 թ. և օծվել Լվովի հայ կաթոլիկ եպիսկոպոս Յան Թումանովիչի կողմից։ Եկեղեցին ունեցել է վեց խորան՝ նվիրված Սուրբ Աստվածածնին, Սուրբ Գրիգորին, Սուրբ Կաետանին, Սուրբ Անտոնին, Սուրբ Թադևոսին և Սուրբ Բարդուղիմեոսին (Վարդանյան, էջ 60)։
XIX դարի սկզբին Ժվանեցի հայկական եկեղեցին անցել է Լեհ կաթոլիկ եկեղեցուն, իսկ հայ համայնքն այդ ժամանակ արդեն ենթարկվել էր ուծացման (Բժշկեանց, էջ 210)։
Խորհրդային տարիներին եկեղեցին և շրջակա բերդապարիսպները վերածվել են գյուղատնտեսական մեքենաների սպասարկման կենտրոնի։ Ուկրաինայի անկախացումից հետո եկեղեցին կրկին տրամադրվել է լեհ կաթոլիկ համայնքին։

Օգտագործված գրականության ցանկ
1. Բժշկեանց հայր Մինաս, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ, Ս. Ղազար, 1830։
2. Վարդանյան Սահակ, «Արևմտյան Ուկրաինայի հայկական հուշարձանները», ՀՃՈՒ, Վարձք, թիվ 9, 2013։