Գալացի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1858 թ.՝ 1821 թ. թուրքերի կողմից հրկիզված հին եկեղեցու տեղում (հասցեն՝ Bulevardul Traian 13)։ Այն գմբեթավոր կառույց է, որի նախագծի հեղինակն է գերմանացի ճարտարապետ Հերման Մասքեն։
Նորակառույց եկեղեցու օծման արարողությունը կատարել է Տ. Սարգիս արք. Ադրիանապոլսեցին:
Կոմունիստական վարչակարգի տարիներին բազմիցս փորձեր են կատարվել եկեղեցին քանդելու, սակայն թեմակալ առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի ջանքերի շնորհիվ այն պահպանվել է։ 2007-2008 թթ. եկեղեցին վերանորոգվել է, իսկ 2008 թ. հանդիսավորությամբ նշվել է հիմնադրման 150-ամյակը։
Եկեղեցու 160-ամյա հոբելյանի առիթով հրատարակության է պատրաստվել Գալացի հայ համայնքի և եկեղեցու պատմությունը ներկայացնող գրքույկ։ Սուրբ Աստվածածնի գավթի հատուկ ցուցափեղկերում ներկայացված են եկեղեցական սպասք և հին հրատարակություններ, որոնք վկայում են համայնքի պատմական ու հոգևոր ժառանգության մասին։

Օգտագործված գրականության ցանկ
1. Արշակ Ալթունեան, «Տեղեկագրութիւն Հայոց գաղթականութեան որք ի Մոլտօ-Վալաքիա, Հունգարիա եւ ի Լեհաստան», Ֆօքշան, 1877։
2. Յ. Գալփագեան, «Ռումանահայ գաղութը», Երևան, 2021։
3. Armenpress։
4. Mamul.am։