Յասսիի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ռումինիայի Յասսի քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1395 թ. (ըստ եկեղեցու արձանագրության)։ Այս վիմագիրը ոչ միայն Յասսիի հայկական գաղթավայրի, այլև քաղաքի գոյության հնագույն վկայություններից է։ Հարավային մուտքի վերևում ագուցված մեկ այլ արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցել են եկեղեցպան Խաչգոնը, սիսիանցի Տեր Հակոբը, ջուղայեցի Մահտեսի Մարգարը և Մահտեսի Գրիգորը (Սիրունի, էջ 81-82)։
Դարերի ընթացքում եկեղեցին բազմիցս տուժել, վերանորոգվել և վերակառուցվել է՝ աստիճանաբար կորցնելով իր նախնական հայկական ճարտարապետական նկարագիրը։ 1803 թ. այն վերակառուցվել է։ Ա. Թորամանյանի ենթադրությամբ՝ աշխատանքները կարող էր ղեկավարել վարպետ Վարդանը, որը ծագումով Յասսիից էր և 1804 թ. վերակառուցել էր նաև Քիշնևի հայկական եկեղեցին (Թորամանյան, էջ 47)։
1929 թ. օգոստոսին եկեղեցին կրկին վերանորոգվել է։ Այն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծություններից, իսկ 1946 թ. իրականացվել են վերականգնման աշխատանքներ։ 1977 թ. մայիսի 4-ի երկրաշարժը մեծ վնասներ է պատճառել եկեղեցուն, հատկապես՝ աշտարակներին։
2002 թ. ծխական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո բժիշկ Զարեհ Նազարյանը նախաձեռնել է եկեղեցու վերականգնման աշխատանքները՝ Վարուժան Ոսկանյանի աջակցությամբ։ 2005-2008 թթ. եկեղեցին հիմնովին վերականգնվել է։ 2008 թ. հոկտեմբերի 26-ին այն վերաօծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 2015 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է Յասսիի շրջանի պատմական հուշարձանների ցանկում։

Օգտագործված գրականության ցանկ
1. Հ. Ճ. Սիրունի, Հայ եկեղեցին ռումեն հողի վրա, Ս. Էջմիածին, 1966։
2, Ա. Թորամանյան, «Արդյո՞ք Վարդանն է Յաշի հայկական եկեղեցու վերակառուցման հեղինակը», Էջմիածին, 1972, թիվ Գ։