Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ս.թ. դեկտեմբերի 1-5-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ Վերականգնման բաժնի ղեկավար Ելենա Աթոյանցը, վերականգնողներ Արաքս Ալոյանը (մետաղ) և Սիրանուշ Խալիկյանը (խեցեղեն) գործուղվել էին Վրաստան՝ ք. Թբիլիսի և Մցխեթա՝ Վրաստանի պատմության ազգային թանգարանի Սիմոն Ջանաշիայի անվան վերականգնողական լաբորատորիա՝ վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Թանգարան և վերականգնողական լաբորատորիա կատարած այցի ընթացքում Կենտրոնի աշխատակիցները վրացի գործընկերների՝ թանգարանի փոխտնօրեն Նինո Կալանդաձեի և մետաղի, ապակու վերականգնման բաժնի վարիչ Նինո Քեբուլաձեի, ինչպես նաև կերամիկայի ենթաբաժնի այլ աշխատակիցների և հնագետների ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցանմուշների վերականգնման, աշխատանքային տարածքի կազմակերպման, ցուցահանդեսի համար առարկաների պատրաստման և վերականգնման ողջ գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքների՝ Վրաստանում կիրառվող մեթոդներին և սկզբունքներին։
Մցխեթա քաղաքի թանգարանի տարածքում գտնվող նոր լաբորատորիայում մեր վերականգնողները ծանոթացան ժամանակակից տեխնիկայով համալրման և կահավորման ընթացքին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վրացի գործընկերներին փոխանցվեցին գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ողջույններն ու Հայաստան փոխայցի հրավերը՝ ծանոթանալու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայի աշխատանքներին, իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համատեղ նախագծերի հնարավորությունները։





