«Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» հանրապետական գիտաժողով

Հարգելի´ գործընկերներ,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը 2026 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով: Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ իր հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանության տարբեր բնագավառներում մասնագիտացող հետազոտողներին (պատմաբաններ, մշակութաբաններ, արվեստաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ և այլք)՝ ներկայացնելու իրենց ընթացիկ կամ ավարտուն ուսումնասիրությունները:
Գիտաժողովը լայն հնարավորություն է ընձեռում մասնագետներին ծանոթանալու այս ուղղությամբ իրականացվող հետազոտական թեմաներին և համատեղ գիտական ծրագրերի մշակման հող նախապատրաստում։
Գիտաժողովի զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

  • Պատմություն,
  • Հնագիտություն,
  • Ազգագրություն,
    -Պատմամշակութային ժառանգություն (ճարտարապետություն, մշակույթ, արվեստ),
  • Գտածոների վերականգնման, ամրակայման և պահպանության ավանդույթներ և մեթոդներ, թանգարաններում պահվող հավաքածուների ներկայացում:
    Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը անհրաժեշտ է գիտաժողովի կազմկոմիտեին [email protected] էլ. հասցեով ուղարկել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում, ներառյալ՝ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է, ինչպես նաև կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցման հիմնական գաղափարը և ուսումնասիրության նպատակը:
    Թեմատիկ զեկուցումների համար սահմանվում է 15 րոպե և ևս 5 րոպե՝ քննարկումների համար։
    Դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
    Ուշադրություն. Գիտաժողովի նյութերը տպագրվելու են «Հուշարձան» գիտական հանդեսի հերթական համարում:

Գիտաժողովն անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։

Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտե